Կարեն Անդրեասյանը հանդիպում է ունեցել հացադուլ հայտարարած դատապարտյալների հետ

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ հանդիպել հացադուլ հայտարարած դատապարտյալների հետ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ֆեյսբուքյան էջից, Օմբուդսմենն առանձնազրույց է ունեցել հացադուլ հայտարարած բոլոր անձանց հետ, ովքեր հայտնել են իրենց խնդիրների մասին հետեւյալը.

Փայլակ Խանամիրյան. ազատազրկման մեջ է 2008 թվականից, մինչ պատժիկրման ավարտը կա մոտ 1,5 տարի: Դատապարտվել է ավազակային հարձակման համար: Պատժի կրման ընթացքում մարել է հանցագործությամբ պատճառված վնասը, ունեցել է երկու կարգապահական տույժ բջջային հեռախոսներ պահելու եւ օգտագործելու համար: Փայլակ Խանամիրյանն ունի առողջական խնդիրներ, սակայն բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը չի քննարկվում, մինչդեռ, այդ խնդիրները կարող են հանգեցնել լուրջ հետեւանքների: Միաժամանակ, Փայլակ Խանամիրյանն ամուսնացած է, դեկտեմբերին սպասում է 2-րդ երեխայի ծնունդին: Ըստ դատապարտյալի՝ բաց տիպի ուղղիչ հիմնարկ տեղափոխելն իրեն հնարավորություն կտա լուծել ինչպես առողջական, այնպես էլ ընտանիքի առջեւ ծառացած սոցիալական բազմաթիվ խնդիրները:

Փայլակ Խանամիրյանին բաց տիպի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հնարավորության եւ բժշկական հետազոտությունները կազմակերպելու ու պատշաճ բուժօգնություն տրամադրելու հարցերի վերաբերյալ Օմբուդսմենը նոյեմբերի 2-ին գրություն է ուղարկել Արդարադատության նախարարություն:

Վոլոդյա Ավետիսյան. ազատազրկման մեջ է 2013 թվականից, պատժի կրման ավարտին կա 2,5 տարի: Դատապարտվել է խարդախությամբ հափշտակություն կատարելու մեղադրանքով: Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրել է, որ պատժի կրման ընթացքում կարգապահական տույժի չի ենթարկվել, ըստ վարչակազմի՝ հետագա պատիժը կրելու կարիք չունի եւ բնութագրվում է դրական: Նշել է նաեւ, որ խնամքին ունի երեք անչափահաս երեխա: Չնայած նշված հանգամանքներին, Անկախ հանձնաժողովը 2-րդ անգամ մերժում է վաղաժամկետ ազատման միջնորդությունն առանց որեւէ պատճառաբանության:

Տեղեկացնենք, որ Վոլոդյա Ավետիսյանին պատճառաբանված որոշում տրամադրելու հարցի վերաբերյալ Օմբուդսմենը նոյեմբերի 2-ին գրություն է ուղարկել Անկախ հանձնաժողովի նախագահին:

Մհեր Ստեփանյան. ազատազրկման մեջ է 2012 թվականից, մինչ պատժի կրման ավարտը կա 2,3 տարի: Դատապարտվել է թմրամիջոցի ապօրինի իրացման համար: Բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը չի քննարկվում, մինչդեռ, Մհեր Ստեփանյանն ունի առողջական խնդիրներ, նա եւս 2-րդ խմբի հաշմանդամ է, ամուսնացած է, ունի 2 երեխա: Պատիժը կրելու ընթացքում կարգապահական տույժի չի ենթարկվել, խրախուսվել է 1 անգամ: Մհեր Ստեփանյանն ունի «Վազգեն Սարգսյան» եւ «Մարտական ծառայություն» մեդալներ:

Գեղամ Ասատրյան. ազատազրկման մեջ է 2010 թվականից, պատժի կրման ավարտին կա 1,4 տարի: Դատապարտվել է իշխանությունը չարաշահելու համար: Պատժի կրման ընթացքում ենթարկվել է մեկ կարգապահական տույժի բջջային հեռախոս պահելու եւ օգտագործելու համար: Միաժամանակ, դատապարտյալը բնութագրվում է դրական, ամուսնացած է, ունի 2 անչափահաս երեխա, ըստ վարչակազմի՝ հետագա պատիժը կրելու կարիք չունի: Գեղամ Ասատրյանը մասնակցել է ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանական ու մարտական գործողություններին, արժանացել է պարգեւատրումների: Չնայած նշված հանգամանքներին, Անկախ հանձնաժողովը 3-րդ անգամ մերժում է վաղաժամկետ ազատման միջնորդությունն առանց որեւէ պատճառաբանության, ինչպես նաեւ չի քննարկվում բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը:

Արմեն Վարդանյան. ազատազրկված է 2010 թվականից: Դատապարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Պատիժը կրելու ընթացքում կարգապահական տույժ չի ստացել, չի խրախուսվել: Բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը չի քննարկվել, մինչդեռ, հիշյալ ուղղիչ հիմնարկ տեղափոխման ժամկետը լրացել է դեռեւս 2012 թվականին: Ըստ Արմեն Վարդանյանի՝ բաց տիպի ուղղիչ հիմնարկ տեղափոխելն իրեն հնարավորություն կտա լուծել ընտանիքի առջեւ ծառացած սոցիալական խնդիրները: Նա եւս ամուսնացած է եւ 2 երեխա ունի: Ազատազրկվածը հավելել է նաեւ, որ 2013 թվականի օգոստոսից առ օրս քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը 7 անգամ մերժել է իր պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու հարցը:

Գեւորգ Հարությունյան. ազատազրկման մեջ է 2007 թվականից, մինչ պատժի կրման ավարտը մնացել է մոտ 6 ամիս: Դատապարտվել է թմրամիջոց ձեռք բերելու, առանց բժշկի թույլտվության ներարկելու համար: Պատիժը կրելու ընթացքում կիրառվել է երկու խրախուսանք հիմնարկի տարածքի բարեկարգման եւ օրինապահ վարքագծի համար: Չնայած դրան, վարչակազմը դատապարտյալին բնութագրում է բացասական եւ բաց տիպի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը չի քննարկում: Դատապարտյալն ունի ողնաշարի ճողվածք՝ պարբերաբար սրացումներով:

Խնդրի վերաբերյալ ակնկալում ենք Արդարադատության նախարարության պատասխանը:

Հովսեփ Տերտերյան. ազատազրկման մեջ է 2009 թվականից, մինչ պատժի կրման ավարտը կա մոտ 11 ամիս: Դատապարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Պատժի կրման ընթացքում կարգապահական տույժ չի ունեցել, 2 անգամ խրախուսվել է կալանավայրի տարածքի բարեկարգման եւ դրական վարքագծի համար: Դատապարտյալի մոտ նկատվում է վարքագծի դրական տեղաշարժ: Արցախյան պատերազմի մարտական գործողությունների մասնակից է, պարգեւատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի եւ այլ շքանշաններով: Պատերազմի ընթացքում վիրավորվել է, որի պատճառով ունի առողջական խնդիրներ, 2-րդ խմբի հաշմանդամ է: Հովսեփ Տերտերյանն ունի 2 երեխա, ամուսնացած է: Բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը չի քննարկվում, իսկ վարչակազմն էլ 3 անգամ մերժել է պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու հարցը:

Արթուր Հակոբյան. ազատազրկման մեջ է գտնվում 2014 թվականից, մինչ պատժի կրման ավարտը կա մոտ 7 ամիս: Դատապարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Պատժի կրման ընթացքում ունեցել է երկու կարգապահական տույժ՝ բջջային հեռախոսներ պահելու եւ օգտագործելու համար: Ա. Հակոբյանի խնամքին կա 2 անձ: Բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը չի քննարկվել, ինչպես նաեւ վարչակազմի կողմից մերժվել է պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու հարցը:

Գոռ Գրիգորյան. ազատազրկման մեջ է 2014 թվականից, մինչ պատժի կրման ավարտը կա 2,4 տարի: Դատապարտվել է գողության մեղադրանքով: Գոռ Գրիգորյանն ամուսնացած է, այժմ կինը հղի է: Պատժի կրման ընթացքում ունեցել է երեք կարգապահական տույժ բջջային հեռախոսներ պահելու եւ օգտագործելու համար: Բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը չի քննարկվել:

Կարեն Անդրեասյանը հանդիպել է նաեւ բազմաթիվ այլ ազատազրկվածների հետ: Օմբուդսմենը վաղը հանդես կգա առանձին հայտարարությամբ, որտեղ կներկայացվեն ուղղիչ հիմնարկի տեսակի փոփոխման համակարգային խնդիրները:

Հայերեն

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը