Տիգրան Մանսուրյանը շնորհակալ է իրեն երաժշտական երեկո նվիրելու համար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին նվիրված համերգ կազմակերպվեց: Հոկտեմբերի 13-ին անցկացված կամերային երաժշտության երեկոն իր ներկայությամբ պատվեց անձամբ Մանսուրյանը:

«Անշուշտ, հիացած եմ այն երաժիշտներով, որոնք իրականացրին այս երեկոն: Ամեն մեկին առանձին-առանձին կցանկանայի հիացմունքս հայտնել: Եվ շատ շնորհակալ եմ, որ այս երեկոն նվիրել են ինձ: Կցանկանայի իմ հատուկ շնորհակալությունը հայտնել Կոմիտասի թանգարան-ինտիտուտին, նրա ղեկավարությանը, Մշակույթի նախարարությանը` այս երեկոն կազմակերպելու նախաձեռնության համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում համերգից հետո նշեց Տիգրան Մանսուրյանը:

Միջոցառման ընթացքում Տիգրան Մանսուրյանի, ինչպես նաև այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրներ Վարդուհի Մինասյանը (դաշնամուր), Աննա Մարգարյանը (ջութակ), Անի Արաբյանը (ջութակ), Գոռ Հովհաննիսյանը (ալտ), Արփինե Մարկոսյանը (ալտ), Արմինե Պետրոսյանը (թավջութակ), Տաթևիկ Մարտիրոսյանը (դաշնամուր):

Համերգի մասնակից ալտահար Գոռ Հովհաննիսյանը Մանսուրյանին նվիրված համերգը հարգանքի տուրք է համարում:

«Ես Մանսուրյանին ճանաչում եմ Քիմ Քաշքաշյանի միջոցով, քանի որ նա շատ է նվագում Մանսուրյանի գործերը: Ինձ Ալտի և դաշնամուրի համար թիվ մեկ սոնատը կոմպոզիտորը տվել է 1999 թվականին: Այսօր վերջապես կարողացա առիթ գտնել, որպեսզի նվագեմ»,- մեզ հետ զրույցում նշեց նա:

Գոռ Հովհաննիսյանը երեկոն բնորոշեց որպես նվեր, հարգանքի նշան երաժշտության ամենավառ ներկայացուցիչներից մեկին:

Ճանաչված ու սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերել են Հայաստան՝ Արթիկի շրջան, ուր բնակություն է հաստատել իրենց ընտանիքը: Մանսուրյանի կամերային և գործիքային ստեղծագործությունները բազմիցս կատարվել են Հայաստանում, Խորհրդային Միության մշակութային կենտրոններում ու արտասահմանում, բարձր գնահատվել իրենց գեղարվեստական անկրկնելիության, բոլորովին նոր ազգային ոլորտների բացահայտման շնորհիվ: Նորագույն միջոցներին հմտորեն տիրապետող ու դրանք լայնորեն կիրառող Մանսուրյանն առաջինն էր, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարքներ ներմուծեց Հայաստան, ինչպես օրինակ` նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։

Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ արտահայտիչ մեղեդիներով և բարձրաճաշակ հնչերանգներով։ Գրել է նաև երաժշտություն ֆիլմերի համար՝ «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը» և այլն:

Հայերեն

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք