Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բացասաբար է արձագանքել Guns N'Roses-ի ռոք խմբի համերգին, որը նախատեսվում է մայիսին Սև ծովի ափին գտնվող Շեքվետիլիում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Sputnik-ի վրացական ծառայությունը, «Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավոր Իրակլի Քադագիշվիլին լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմադիր քաղաքական գործիչները ցանկանում են ամերիկյան հայտնի Guns N'Roses խմբի համերգի չեղարկումը, քանի որ նրանց վերաբերմունքը երկրի նկատմամբ առաջընթացի բացակայությունն է ու, որ երկրում ամեն ինչ դադարի:
Ըստ աղբյուրի՝ Զուրաբիշվիլին համոզմունք է հայտնել, որ հիմա համերգներ տալու ժամանակը չէ, քանի որ երկրում բողոքի ցույցերը չեն մարում, և նոր ընտրությունների ամսաթիվը դեռ որոշված չէ:
«Լինի դա Սալոմե Զուրաբիշվիլին, թե մեկ այլ ընդդիմադիր քաղաքական գործիչ, նրանց վերաբերմունքը երկրի նկատմամբ սա է՝ որ երկրում ամեն ինչ դադարի: Սա է նրանց նպատակն ու դեմքը, քանի որ հակառակ դեպքում նրանք իշխանության վերադառնալու հնարավորություն չունեն»,- ասել է պատգամավորը։
2024 թվականի ամռանը ընդդիմության առաջնորդների և նրանց կողմնակիցների կոչերից հետո բրիտանական Massive Attack երաժշտական խումբը չեղյալ է հայտարարել Վրաստանում նախատեսված համերգը։ Նրանք իրենց որոշումը բացատրել են ցուցարարներին աջակցելով, ովքեր պահանջում էին չեղարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքը։