ԵՐԵՎԱՆ,6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-իրանական երկաթուղագիծը քաղաքական առումով Հայաստանի համար շատ նպաստավոր է. երկաթգծի կառուցումը Հայաստանին դուրս կբերի շրջափակումից: Հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
«Իրան-Հայաստան երկաթուղագծի կառուցումը փայլուն ծրագիր է: Դրանով Հայաստանը միանգամից կարող է միանալ տրանս-իրանական երկաթգծին, որը մեզ օվկիանոս դուրս գալու հնարավորություն կտա»,- նշեց նա` հավելեով, որ եթե հնարավոր լինի այս համագործակցության մեջ ներառել նաև Վրաստանին, այս դեպքում հնարավոր կլինի ամբողջական շղթան ապահովել, հակառակ դեպքում Իրանը` համագործակցելով Ռուսաստանի հետ, կարող է օգտագործել Կասպից ծովը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, իրանագետը նշեց նաև, որ Հայաստան-Իրան համագործակցության մեջ է մտնում նաև Մեղրու ՀԷԿ-ի կառուցումը:
«Արաքս գետի երկու ափերին իրանական ֆինասների միջոցով կառուցվում է երկու հիդրոէլեկտրակայան, ըստ ծրագրի Իրանը պետք է շահագործի այս երկու ՀԷԿ-երը, սակայն 15 տարի անց Հայաստանի սահմանում կառուցված ՀԷԿ-ը կանցնի Հայաստանին»,- ասաց իրանագետը: