Թուրքական շաբաթ. թուրք դատախազների փախուստից մինչև կոալիցիայի տապալում

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հուլիսի վերջից սկսված ահաբեկչական ալիքը չի դադարում: Երկրի տարբեր շրջաններում մեկը մյուսին հետևող հարձակումներն ու բախումները ահաբեկչական խմբավորումների և իրավապահ մարմինների միջև շարունակում են նոր կյանքեր խլել: Եվ մինչ երկրում շարունակվում է քաոսային իրավիճակը, այս շաբաթ տապալվեց նաև կոալիցիոն կառավարություն կազմելու վերջին փորձը: «Արմենպրես»-ը հետևել է անցնող շաբաթվա ընթացքում Թուրքիայում տեղի ունեցած ամենաուշագրավ դեպքերին և ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:

Շաբաթվա սկզբին երկիրը ցնցեց ահաբեկչական հարձակումը Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի վրա: Հարձակումից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ ահաբեկչական գործողության հեղինակը երկու կանայք են: Նրանցից մեկին, ով նաև վիրավոր էր, հնարավոր եղավ ժամեր անց հայտնաբերել և ձերբակալել: Արձագանքեց Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը: Դեսապնության խոսնակը նշեց, որ իրենք փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվել իրականում:

Նույն օրը՝ օգոստոսի 10-ին Ստամբուլում ուժեղ բախում տեղի ունեցավ Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների և իրավապահների միջև: Ահաբեկիչները ռումբ կիրառեցին եռահարկ ոստիկանական շենքի վրա հարձակման ժամանակ, ինչի հետևանքով շինության մի մասում հրդեհ բռնկվեց, որն էլ շինության մասնակի փլուզման պատճառ դարձավ: Ահաբեկչության հետևանքով վիրավորվեց 5 ոստիկան և 2 քաղաքացի, ովքեր տեղափոխվեցին հիվանդանոց:Հարձակմանը հաջորդած ժամերի ընթացքում երկուստեք կրակոցները չդադարեցին: Արդյունքում զոհվեց մեկ ոստիկան և երկու ահաբեկիչ:

Սիլոփիում PKK-ի գործողություններից զոհվեց 4 ոստիկան, իսկ Բեյթուշեբափ գավառում ռազմական ինքնաթիռի վրա հարձակումից՝ մեկ զինվոր: Դիարբեքիրի Լիջե գավառում քուրդ զինյալները հարձակվեցին գավառի անվտանգության վարչության և ժանդարմերիայի հրամանատարության վրա: Շըրնաքում նրանց գործողությունների հետևանքով զոհվեց մեկ զինվոր:

Այս ընթացքում թուրքական ուժային կառույցների գործողություններից զգալի տուժեցին նաև քուրդ զինյալները: Թուրքիայի զինուժը օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը ռմբակոծեց երկրի հարավային Հաքքարի նահանգի տարածքում գտնվող PKK-ի 17 հենակետ: Մուշ նահանգի Վարթո գավառում և Բինգյոլում իրավապահ մարմիններըսպանեցին երկուականղ, իսկ Արարատ և Թոնդրակ լեռների տարածքում՝ 7 քուրդ զինյալի: Ավելի ուշ Աղրըում սպանվեց ևս երեք քուրդ զինյալ:

Այս ընթացքում դեմոկրատական ինքնավարություն հայտարարեցին Թուրքիայի երկու քրդաբնակ քաղաքներ՝ Շըրնաքը և Յուքսեքովան: Սիլոփիում PKK-ն հարձակվեց ոստիկանական տան և ոստիկանական բաժանմունքի վրա, Մարդինում՝ կառավարական տան վրա: Դերսիմի հարձակումից մեկ ոստիկան վիրավորվեց, իսկ Դիարբեքիրում՝ մահացավ: Դիարբեքիրի Սիլվան գավառում Քրդական բանվորական կուսակցության հարձակումից տուժեց երկու կին, Բինգյոլում զոհվեց մեկ սպա, իսկ Դերսիմի Փյուլումուր գավառում վիրավորվեցին չորսը:

Իրանը փակեց Թուրքիայի հետ ցամաքային ամենամեծ սահմանային անցակետը՝ Գյուրբուլաք-Բազարգյանը: Պատճառն օրերս Թուրքիայի տարածքում իրանական մեքենայի վրա գործած հարձակումն էր:

Այս ընթացքում Թուրքիան սկսեց Սիրիայի հետ սահմանին բետոնե պատի կառուցումը: Պատն ունի 2 մետր լայնություն, 3 մետր բարձրություն և 8 կմ երկարություն:

Օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» ու քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունների միջև կոալիցիոն կառավարություն չի կազմվի: Այս մասին քեմալական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի վարչապետ, իշխող կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն՝ մեծ հավանականություն տալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Բանակցությունների մասին խոսեց նաև քեմալական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ով հայտնեց, որ թուրքական իշխանություններն առաջարկել են ոչ թե կոալիցիա կազմել, այլ խոսել են միայն անցումային կառավարություն ստեղձելու մասին:

Օգոստոսի 11-ին թուրքական ԶԼՄ-ները գրեցին, թե Թուրքիայում հետախուզման մեջ գտնվող երկու նախկին դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան Վրաստանի տարածքով մտել են Հայաստան: Թեպետ ՀՀ ԱԱԾ-ից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ իրենք նման տեղեկատվության չեն տիրապետում, այդուհանդերձ Էրդողանը չվարանեց՝ կրկնելու դատախազների՝ Հայաստան փախչելու վարկածը: Հետագայում շրջանառվեց դատախազների՝ Կիև գնալու տարբերակը, որը ևս չհաստատվեց: Արդյունքում հայտնի դարձավ, որ երկրի իրավապահ մարմինները նախատեսում են միջազգային հետախուզում հայտարարել նախկին դատախազների նկատմամբ:

Օգոստոսի 13-ի գիշերը` 23.30-ին անհայտ անձինք երկու մեքենաներով եկան Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող հայկական որբանոցի տարածք՝ «Արմեն ճամբար» և ծեծի ենթարկեցին այնտեղ մշտական հերթապահություն սահմանած երկու երիտասարդի: Թուրքիայի քեմալական կուսակցության կողմից ընտրված հայ պատգամովր Սելինա Դողանն իր վրդովմունքը հայտնեց կատարվածի առնչությամբ և հայտարարեց, որ քանի դեռ հարձակման իրական մեղավորները չեն հայտնաբերվել, դրանց պատասխանատուն մնում է իշխանությունը:

Այս շաբաթ հիվանդանոցում մահացավ Սուրուչի ահաբեկչությունից վիրավորված 19-ամյա Մերթ Ջոմերթը: Այդպիսով, հուլիսի 20-ի ահաբեկչության զոհերի թիվը հասավ 33-ի:

Ամփոփեց Արաքս Կասյանը

Հայերեն English

Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է

Այս հաղթանակը մեզ համար շատ արժեքավոր է. Մանուել Տուլիպա

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական․ Երևանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բաստիլի գրավման օրը

Թրամփը պատմել է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու որոշումից հրաժարվելու պատճառի մասին

Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը

Փրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Կինոն բռնեց իմ ձեռքն ու կյանքիս ընկերը դարձավ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կինոռեժիսոր Մարկ Քազընսը հանդիպեց երկրպագուների հետ

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ