Տարածաշրջանային

Էրդողանն ազդարարել է հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

2 րոպեի ընթերցում

Էրդողանն ազդարարել է հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ յուրաքանչյուր օրվա հետ նվազում է երկրում կոալիցիոն կառավարություն ձեւավորելու հնարավորությունը եւ չի բացառվում, որ Թուրքիայում կարող են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի փոխվարչապետ Յալչին Աքդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ հունիսի 7-ին անցկացված հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պատգամավորական աթոռների քանակով երկրորդ տեղը զբաղեցրած Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) խորհրդարանում ներկայացված մնացած կուսակցություններից ավելի մոտ է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ կոալիցիոն կառավարություն ստեղծելուն:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն երկու օր առաջ հայտնել էր, որ Ազգայնական շարժում կուսակցությունը հրաժարվել է կոալիցիոն կառավարությանը մաս կազմելու ԱԶԿ-ի առաջարկից, իսկ խորհրդարան անցած մյուս` քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հետ կոալիցիա կազմել իրենք չեն ցանկանում:

Կոալիցիոն կառավարության շուրջ ԱԶԿ-ի հետ հունիսին անցկացված բանակցություններում ԺՀԿ-ն մի շարք պայմաններ էր առաջադրել: Այդ պայմանների համաձայն` ԺՀԿ առաջնորդը պետք է երկու տարի ժամկետով գլխավորի կոալիցիոն կառավարությունը: Բացի այդ, պայմանների համաձայն` Թուրքիայի խորհրդարանը եւս պետք է ղեկավարի ԺՀԿ անդամը: Քեմալականները պահանջել էին նաեւ արդարադատության, ներքին գործերի եւ կրթության նախարարների պորտֆելները:

Չնայած տարաձայնություններին` ներկայում դեռեւս շարունակվում են կոալիցիոն կառավարություն ձեւավորելու շուրջ ԱԶԿ-ԺՀԿ բանակցությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում