Թուրքիա

Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին

3 րոպեի ընթերցում

Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին

Թուրքիայի ազգային պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար,  և պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժ է ակնկալում Ռուսաստանից իր երկրի գնած С-400 զենիթա-հրթիռային համակարգերին առնչվող խնդրի և հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրում դարձյալ ընդգրկվելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։

«Մենք չենք ասել և չենք ասում, որ С-400-ը կհայտնվի ԱՄԷ-ում կամ որևէ այլ տեղ: Մենք (Թուրքիան և ԱՄՆ-ը) քննարկել ենք այս հարցի հնարավորինս արագ լուծման համար պայմանավորվածությունների հասնելու հնարավորությունը և հուսով ենք, որ առաջիկայում տեղի կունենան որոշ փոփոխություններ, ու խնդիրը կկարգավորվի։ С-400-ի խնդիրը կլուծվի որոշակի ձևով: Մենք սպասում ենք դրան, հուսով ենք և փոփոխություններ ենք ցանկանում այս հարցում: Եվ դա, կարծես, տեղի կունենա»,- հայտարարել է Աքարը՝ խորհրդարանական հանձնաժողովի անդամների ԱՄՆ կատարած այցի շրջանակում ամերիկյան կողմի հետ բանակցություններից հետո։

Նա նշել է նաև, որ ամերիկյան կողմն ունի այս հարցի վերաբերյալ տեղեկատվություն, որը ստացել է սեփական աղբյուրներից և դրանից ելնելով էլ դրական ազդակ է հղել թուրքական կողմին:

Աքարի գնահատմամբ՝ С-400-ի հարցի կարգավորումը վերջնարդյունքում կհանգեցնի նշանակալի և դրական փոփոխությունների ու F-35-երին առնչվող ծրագրի վերսկսմանը։

Թուրքիան 2019 թվականին հեռացվել էր F-35-երի ծրագրից՝ Ռուսաստանից С-400 համակարգեր գնելու պատճառով։ Որոշման համար հիմք էր ծառայել «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» ԱՄՆ օրենքը (CAATSA)։

Թուրքիայի կառավարամետ «Հյուրիեթ» թերթն անցյալ շաբաթ հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ С-400-ները վերավաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին, ամենայն հավանականությամբ՝ ԱՄԷ-ին կամ Քաթարին։ Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես չեն հաստատել այս տեղեկատվությունը։

Թուրքիան 2017 թվականին 2,5 միլիարդ դոլարով С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի չորս դիվիզիոն էր գնել Ռուսաստանից։ 2019 թվականի հոկտեմբերին ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը հայտնել էր այս համակարգերի մատակարարման պայմանագիրն ամբողջությամբ կատարելու մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում