Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զինծառայողների մասնակցությամբ նոյեմբերին Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժությունները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում կայացել է զորավարժությունների հիմնական պլանավորման համաժողովը։
Նշվում է, որ զորավարժություններին երեք երկրների զինծառայողների հետ միասին կմասնակցեն նաև Ադրբեջանի ռազմավարական օբյեկտների պահպանության պետական գործակալության և «Ադրբեջանի երկաթուղիներ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչները։
Զորավարժությունների սցենարը նախատեսում է մասնակից երկրների տարածքներով անցնող ռազմավարական օբյեկտների և հաղորդակցման ուղիների պահպանության ու մարտավարական պաշտպանության գործողությունների մշակում։
Պլանավորման համաժողովի ընթացքում քննարկվել են զորավարժությունների թեման և նպատակները, միացյալ շտաբի կազմը, տեղանքում մշակվելիք մարտավարական դրվագները, ինչպես նաև կազմակերպչական այլ հարցեր։