Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ
2 րոպեի ընթերցում

Թուրքիան շարունակում է երրորդ երկրների հետ բանակցությունները Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 զենիթահրթիռային համակարգերի հնարավոր վերաարտահանման հարցի շուրջ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Թուրքիյե» թերթը՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին։
Թերթի տվյալներով՝ Թուրքիայի պաշտպանության նախարարը, պատասխանելով խորհրդարանի պատգամավորների գրավոր հարցմանը, նշել է, որ ԱՄՆ-ի հետ ռազմաքաղաքական ոլորտում շարունակվող երկխոսության շրջանակում, որը դրական զարգացում է արձանագրում, կողմերը փոխըմբռնման և համագործակցության միջոցով լուծումներ են որոնում «անցյալից մնացած և նաև երրորդ երկրներին առնչվող» հարցերի համար։
«Մեր ազգային պաշտպանության ծրագրերը, ինչպես միշտ, մշակվում են մանրակրկիտ և մասնագիտական մոտեցմամբ՝ հաշվի առնելով առկա և ապագա սպառնալիքների վերլուծությունը»,- ասել է Յաշար Գյուլերը։
Նաև, Hürriyet թերթն ավելի վաղ հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ս-400 համակարգերը վերավաճառել է Պարսից ծոցի երկրներից մեկին։ Հավանական գնորդների թվում նշվում էին Արաբական Միացյալ Էմիրությունները և Կատարը։
Թուրքիան Ռուսաստանից Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի չորս դիվիզիոն ձեռք էր բերել 2017 թվականին՝ շուրջ 2,5 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրի շրջանակում։
Համակարգերի մատակարարումից հետո Անկարան դուր էր մնացել ԱՄՆ-ի F-35 հինգերորդ սերնդի կործանիչների ծրագրից։