Քաղաքականություն

Բելգիայի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձևը ներկայացնող Փիթեր դե Ռուվերն անմոռուկ է կրում

2 րոպեի ընթերցում

Բելգիայի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձևը ներկայացնող Փիթեր դե Ռուվերն անմոռուկ է կրում

ԲՐՅՈՒՍԵԼ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի Ներկայացուցիչների պալատի հուլիսի 22-ի լիագումար նիստում ելույթ է ունենում Հայոց ցեղասպանության բանաձևի հեղինակ «Ֆլամանդական նոր դաշինքը» (N-VA) կոալիցիոն կուսակցության անդամ, պատգամավոր Փիթեր դե Ռուվերը: Նա կրծքին կրում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդաշնող անմոռուկը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրառում է կատարել Հայ դատի Բելգիայի հանձնախումբը՝ Թվիթերի իր միկրոբլոգում: Լիագումար նիստը սկսվել է Բելգիայի ժամանակով 14:15-ին, և Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումն օրակարգում ութերորդ հարցն է:

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 7-ին կողմ է քվեարկել Բելգիայի կառավարության` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծին` այն փոխանցելով Ներկայացուցիչների պալատի քննարկմանը: Այն կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հաշտեցնել հայ և թուրք ժողովուրդներին` «համընդհանուր պայծառ ապագայի հույսով»:

Բելգիայի կառավարությունից բացի, Հայոց ցեղասպանության բանաձևերի նախագծեր էին ներկայացրել նաև ընդդիմադիր երեք կուսակցությունները, որոնք սակայն չընդունվեցին: Ավելի ուշ՝ հուլիսի 16-ին, Հայ դատի Բելգիայի հանձնախումբը և Բելգիայի ասորական դաշնությունը մտահոգություն են հայտնել այդ երկրի Ներկայացուցիչների պալատում ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի մի քանի կետերի վերաբերյալ:

Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության և իր անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բելգիայի խորհրդարանն 1998 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել Վերին պալատի (Սենատի)մակարդակով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում