Բուխարեստի առաջնորդանիստ եկեղեցում մատուցվել է Սուրբ պատարագ

3 րոպեի ընթերցում

ԲՈւԽԱՐԵՍՏ, 20 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուխարեստի առաջնորդանիստ Սբ Հրեշտակապետաց եկեղեցում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը հուլիսի 20-ին մատուցեց Սբ Պատարագ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սբ Պատարագի ավարտին Տեր Տաթև Սրբազանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության գիրը հանձնեց Եվրոպայի պառլամենտի երեցփոխան, ազգությամբ ռումինացի Կրիստիան Պրեդային:

Օրհնության գրում ասվում է. «Ուրախ ենք մեծապես, որ Դուք հետևողական և նախանձախնդիր ջանքեր բերեցիք, որպեսզի Եվրախորհրդարանը պաշտոնապես ճանաչի 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը: Ձեր և Ձեր գործակիցների շնորհիվ այսօր Եվրախորհրդարանը՝ իր բարձր հեղինակությամբ, արժանի տեղն ունի բազմաթիվ պետությունների ու միջազգային հաստատությունների շարքում, որոնք ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը՝ ավանդ բերելով, որպեսզի աշխարհում երբեք չկրկնվեն այդօրինակ ոճիրներն ու հանցագործությունները»:

Սրբազան հայրն իր խոսքում նշեց, որ Կրիստիան Պրեդան, պաշտպանելով հայ դատը, ցույց տվեց, որ ընդհանրապես ցեղասպանությունը մարդկության դեմ գործած ամենամեծ հանցանքն է և պաշտպանելով հայ ժողովրդի արդար պահանջը՝ դարձավ հայ ժողովրդի բարեկամը: Սրբազան Հայրը հավելեց նաև, որ Ռումինիայի հայ համայնքը շատ շնորհակալ է այս անձնվեր գործի համար:

Խոսքով հանդես եկավ նաև Կրիստիան Պրեդան, ով իր խոսքում շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց կաթողիկոսին, սրբազան հորը, ինչպես նաև հայ համայնքին և հավելեց, որ Ռումինիան պետք է ապագայում ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև նշեց, որ անձամբ հանդիպել է Էրդողանի հետ և ասել, որ եթե Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը և չլուծի իր ներքին խնդիրները, ապա տեղ չունի Եվրոպայում:

Սբ Պատարագին ներկա էին նաև Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը, ինչպես նաև ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը:

Հիշեցնենք, որ տարվա մարտի 15-ին Եվրոխորհրդարանն ընդունեց Ցեղասպանության ճանաչման բանաձևը, որի ընդունման գործում մեծ դեր խաղաց Եվրոպայի պառլամենտի երեցփոխան, ազգությամբ ռումինացի Կրիստիան Պրեդան, ով բարձր մակարդակով ներկայացրեց Հայոց ցեղասպանության հարցը:

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը