Հայոց ցեղասպանություն

Բուխարեստի առաջնորդանիստ եկեղեցում մատուցվել է Սուրբ պատարագ

3 րոպեի ընթերցում

Բուխարեստի առաջնորդանիստ եկեղեցում մատուցվել է Սուրբ պատարագ

ԲՈւԽԱՐԵՍՏ, 20 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուխարեստի առաջնորդանիստ Սբ Հրեշտակապետաց եկեղեցում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը հուլիսի 20-ին մատուցեց Սբ Պատարագ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սբ Պատարագի ավարտին Տեր Տաթև Սրբազանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության գիրը հանձնեց Եվրոպայի պառլամենտի երեցփոխան, ազգությամբ ռումինացի Կրիստիան Պրեդային:

Օրհնության գրում ասվում է. «Ուրախ ենք մեծապես, որ Դուք հետևողական և նախանձախնդիր ջանքեր բերեցիք, որպեսզի Եվրախորհրդարանը պաշտոնապես ճանաչի 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը: Ձեր և Ձեր գործակիցների շնորհիվ այսօր Եվրախորհրդարանը՝ իր բարձր հեղինակությամբ, արժանի տեղն ունի բազմաթիվ պետությունների ու միջազգային հաստատությունների շարքում, որոնք ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը՝ ավանդ բերելով, որպեսզի աշխարհում երբեք չկրկնվեն այդօրինակ ոճիրներն ու հանցագործությունները»:

Սրբազան հայրն իր խոսքում նշեց, որ Կրիստիան Պրեդան, պաշտպանելով հայ դատը, ցույց տվեց, որ ընդհանրապես ցեղասպանությունը մարդկության դեմ գործած ամենամեծ հանցանքն է և պաշտպանելով հայ ժողովրդի արդար պահանջը՝ դարձավ հայ ժողովրդի բարեկամը: Սրբազան Հայրը հավելեց նաև, որ Ռումինիայի հայ համայնքը շատ շնորհակալ է այս անձնվեր գործի համար:

Խոսքով հանդես եկավ նաև Կրիստիան Պրեդան, ով իր խոսքում շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց կաթողիկոսին, սրբազան հորը, ինչպես նաև հայ համայնքին և հավելեց, որ Ռումինիան պետք է ապագայում ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև նշեց, որ անձամբ հանդիպել է Էրդողանի հետ և ասել, որ եթե Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը և չլուծի իր ներքին խնդիրները, ապա տեղ չունի Եվրոպայում:

Սբ Պատարագին ներկա էին նաև Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը, ինչպես նաև ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը:

Հիշեցնենք, որ տարվա մարտի 15-ին Եվրոխորհրդարանն ընդունեց Ցեղասպանության ճանաչման բանաձևը, որի ընդունման գործում մեծ դեր խաղաց Եվրոպայի պառլամենտի երեցփոխան, ազգությամբ ռումինացի Կրիստիան Պրեդան, ով բարձր մակարդակով ներկայացրեց Հայոց ցեղասպանության հարցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում