ՀՀ Նախագահը եվրոպական կառույցներին կոչ արեց ԼՂ հարցում հրաժարվել հավասարության նշան դնելուց
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ ասուլիսում եվրոպական կառույցներին կոչ արեց ԼՂ հարցում հրաժարվել հավասարության նշան դնելուց: Նրա խոսքով` Ադրբեջանի ղեկավարությունը մեզ շատ մեծ նվեր մատուցեց՝ անցկացնելով Եվրոպական խաղերը Բաքվում և այդ ընթացքում ապահովելով խաղաղություն, կայունություն ինչպես շփման գծում, այնպես էլ հայ- ադրբեջանական սահմանին: Բայց ավելի ճիշտ՝ ոչ թե խաղաղություն, կայունություն, այլ խաղաղության և կայունության խաբկանք:
«Ինչո՞ւ եմ ասում՝ նվեր մատուցեց, որովհետև սա, կարծում եմ, վերջին կաթիլն էր, որով միջազգային հանրությունը համոզվեց, թե ո՞վ է լարվածության պատճառը, ո՞վ է լարվածություն ծնում, և ու՞մ ցանկության դեպքում է, որ կարող են երիտասարդներ չզոհվել, որ կարող է չխախտվել հրադադարը: Եվ այստեղ, անշուշտ, ես դիմում եմ ինչպես պարոն Տուսկին, այնպես էլ բոլոր Եվրոպական կառույցներին, որպեսզի հրաժարվեն հավասարության նշան դնելու քաղաքականությունից: Գոնե ինչպես Մինսկի խմբի համանախագահները՝ հունվար ամսին տարբերակված մոտեցում ցուցաբերեն, ասեն` ո՞վ է կրակողը, ո՞վ է լարվածության պատճառը, ո՞վ է պատերազմ ցանկանում, և ո՞վ է պաշտպանում: Երբ այդ հավասարության նշանը կա, և երբ մարդիկ անպատժելիության զգացողություն են ունենում, մարդկանց ոտքերը գետնից կտրվում են: Ահա այդպիսի մի իրավիճակի պատճառով էլ ես անցնում եմ Ձեր հարցի երկրորդ մասին, որ Ադրբեջանի Նախագահը իրեն թույլ տվեց այդպիսի ամբարտավան ելույթի հերթական դրսևորման:
Մենք սովոր ենք, որ շատ դեպքերում այդպիսի լկտի ելույթները հասնում են զավեշտի: Զավեշտական չէ՞, որ մարդ, ով Նախագահ է դարձել ժառանգաբար, ուրիշին մեղադրում է այլոց օգնությամբ Նախագահ դառնալու մեջ: Զավեշտական չէ՞, երբ առավոտից երեկո այլատյացություն քարոզող մարդը Եվրոպային և ուրիշներին մեղադրում է քսենոֆոբիայի մեջ: Զավեշտական չէ՞, երբ հայերին աշխարհի ամենավատ մարդ համարող անձնավորությունը Եվրոպային և Հայաստանին մեղադրում է ռասիզմի մեջ: Զավեշտական չէ՞, որ ինքն ունենալով շատ ավելի վատ հարաբերություն շատ մահմեդական երկրների հետ, իսկ Եվրոպան և Հայաստանն ունենալով շատ ավելի լավ հարաբերություններ, Եվրոպային և Հայաստանի մեղադրում է իսալամաֆոբության մեջ:
Հենց այդ պատճառով եմ ասում, որ հավասարության նշանը պետք է վերացվի, և ես վստահ եմ, որ չնայած այն հանգամանքին, որ նաև եվրոպական կառույցներում և Եվրոպայում շատ մարդկանց համար էլ նավթի ու գազի հոտը ու նաև խավիարի համը զգլխիչ է, այնուհանդերձ, մենք կգանք ճիշտ ճանապարհի: Հակառակ պարագայում ՝ եթե այսպես շարունակվի, եթե բոլորը ներեն ոչ միայն Ադրբեջանի նախագահի խոսքերը, այլ նաև քայլերը, ապա մենք պետք է դիմենք մեր հայտնի հայրենակցին՝ Վիլյամ Սարոյանին և ասենք՝ ժողովուրդ, ինչ-որ տեղ, ինչ-որ բան այն չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Սերժ Սարգսյանը:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն էլ ասաց, որ և՛ Հայաստանին և՛ Ադրբեջանին կոչ են անում կատարել Մինսկի խմբի շրջանակներում ստանձնած հանձնառությունները: «Երկրորդ՝ երկու կողմերը պետք է պատրաստակամություն դրսևորեն գնալու փոխադարձ զիջումների, մտնելու երկխոսության մեջ և ձեռնպահ մնալու որևէ հռետորաբանությունից կամ այլ գործողություններից, որոնք կարող են բարձրացնել լարվածությունը: Կասկած չունեմ, որ խաղաղ լուծմանը այլընտրանք գոյություն չունի, և եթե մենք ցանկանում ենք խաղաղ լուծման հասնել, ապա մենք պարտավոր ենք խուսափել՝ բոլոր կողմերը, բոլոր սուբյեկտերը, բոլոր դերակատարները այս շատ ռիսկային խաղում, պարտավոր են ձեռնպահ մնալ ագրեսիվ խոսքերից և ագրեսիվ հռետորաբանությունից, որովհետև, ինչպես գիտեք, խոսքերը և հռետորաբանությունը քաղաքականության մեջ ունեն հետևանքներ և ժամանակ առ ժամանակ դրամատիկ հետևանքներ: Այդ պատճառով, ես կարծում եմ, որ երբեմն լռությունը գերադասելի է, քան խոսքը, մասնավորապես՝ ագրեսիվ հռետորաբանությունը: Ուստի, ես միանշանակորեն վստահ եմ, որ սա կոչ է այս հակամարտության բոլոր կողմերին և քաղաքական գործիչներին»,- ասաց Տուսկը:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հուլիսի 20-22-ը տարածաշրջանային այցով ժամանել է Հարավային Կովկաս: Տուսկի այցը մեկնարկել է Հայաստանից, որտեղ նախատեսված են Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Ի պատիվ Եվրոպական խորհրդի նախագահի այցի՝ Սերժ Սարգսյանի անունից կտրվի աշխատանքային ճաշ, որին կնախորդի Դոնալդ Տուսկի և Սերժ Սարգսյանի համատեղ մամուլի ասուլիսը:Երևանում Տուսկը հանդիպում կունենա նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Նույն օրը երեկոյան Եվրոպական խորհրդի նախագահը կմեկնի Վրաստան, իսկ հուլիսի 22-ին կլինի Ադրբեջանում: