Քաղաքականություն

Հարավկորեացի պատգամավորը Հայոց ցեղասպանությունը հիշելն ու դատապարտելը մարդկության պարտքն է համարում

2 րոպեի ընթերցում

 Հարավկորեացի պատգամավորը Հայոց ցեղասպանությունը հիշելն ու դատապարտելը մարդկության պարտքն է համարում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկությունը պետք է հիշի և դատապարտի Հայոց ցեղասպանությունը, որպեսզի ապագայում նման ողբերգություններն այլևս չկրկնվեն: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հարավային Կորեայի խորհրդարանի պատգամավոր, Հայաստան-Հարավային Կորեա միջխորհրդարանական բարեկամական խմբի կորեական պատվիրակության ղեկավար Նո Յոնգ Մինը: «Մենք վերջին անգամ Հայաստանում եղել էինք երեք տարի առաջ, և շատ ուրախ ենք, որ հենց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին կրկին այցելել ենք Հայաստան: Մենք առաջինը եղել ենք Ծիծեռնակաբերդում, հարգել ենք ցեղասպանության զոհերի հիշատակը: Ես մեծ ցավ եմ ապրել, երբ իմացել եմ ցեղասպանության տարիներին հայ ժողովրդի տառապանքների մասին: Ես համոզված եմ, որ եթե մենք չհիշենք և չդատապարտենք Հայոց ցեղասպանությունը, նման ողբերգությունները կարող են կրկնվել: Մարդկության պարտքն է հիշել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց հարավկորեացի պատգամավորը:

Նա նաև ընդգծեց, որ շատ լավ գիտի հայ ժողովրդի պատմությունը, գիտի, որ Հայաստանը երկար դարերի պատմություն և հարուստ մշակութային ժառանգություն ունի: «Ես պետք է ասեմ, որ Կորեան էլ ունի երկար և դաժան պատմություն: Կորեայում ընդունված արտահայտություն կա՝ «Նույն ցավն ունեցողները միմյանց լավ են հասկանում»: Եվ նաև կարծիք կա, որ նույն ցավն ունեցողները կարող են օգնել միմյանց: Ես կարծում եմ, որ մեր պատմությունները շատ նման են, ուստի մենք կարող ենք սերտորեն համագործակցել թե տնտեսության, թե մշակույթի ոլորտներում»,- ընդգծեց Նո Յոնգ Մինը:

Եզրափակելով խոսքը՝ Մինը շնորհակալություն հայտնեց Հայաստան-Հարավային Կորեա միջխորհրդարանական բարեկամական խմբի հայատանյան պատվիրակությանը՝ ջերմ ընդունելության համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում