ԷՋՄԻԱԾԻՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր, գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը պարգևատրվեց Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո շքանշանով: Մրցանակն անվանի կինոռեժիսորին հանձնեց Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոս ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:
«Շնորհակալ եմ, դժվար է խոսել: Ամեն հայի համար կարևոր է իր եկեղեցին, և նրա օրհնանքը դեպի արվեստագետը: Մենք ի ծնե քրիստոնյա ենք և առաջինն են ընդունել քրիստոնեությունը: Եվ բոլորս հայ եկեղեցու նվիրյալն ենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շնորհակալություն հայտնելով Ամենայն հայոց կաթողիկոսին՝ նշեց Հարություն Խաչատրյանը:
Գարեգին Բ կաթողիկոսը Հարություն Խաչատրյանին շնորհավորեց ծննդյան 60-րդ հոբելյանի առթիվ՝ բեղմնավոր աշխատանք մաղթելով նրան:
Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Հարություն Խաչատրյանը ծնվել է 1955թ. հունվարի 9-ին, Ախալքալաքում: Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո, աշխատել է հաշվիչ մեքենաների կարգավորող տեխնիկ: 1981թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոյի բաժինը: Նույն թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսորի և օպերատորի օգնական, երկրորդ ռեժիսոր, բեմադրող ռեժիսոր: Նկարահանել է բազմաթիվ վավերագրական և խաղարկային ֆիլմեր, որոնք արժանացել են միջազգային պարգևների և մրցանակների: 2004թ-ից Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրենն է: 2003թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2013թ.`ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը: