Օռնելա Մուտին առաջարկի դեպքում պատրաստ կլինի նկարահանվել հայկական ֆիլմում
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական կինոյի ճանաչված և սիրված դերասանուհի Օռնելա Մուտին չէր կարող մերժել հայկական կինոփառատոնին մասնակցելու առաջարկը Հայաստանի համար կարևոր տարում: Երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն այս մասին խոստովանեց հուլիսի 12-ին հայ երկրպագուների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Մուտիի հետ հանդիպման յուրահատուկ ակնթարթները:
Օռնելա Մուտին՝ Հայաստանի մասին
Ես ընդունեցի փառատոնի հրավերը, որովհետև այս տարին հատուկ է Հայաստանի համար: Հայաստանն այն երկիրն է, որ շատ է ճնշված եղել: Ես ունեմ մի շատ թանկագին ընկեր, որն ամուսնացել է հայի հետ: Նրա միջոցով ես շատ եմ լսել Հայաստանի մասին, ինձ շատ է դուր գալիս այս փառատոնը: Ինձ շատ դուր եկավ ֆիլմերի ընտրությունը, որ կատարեց փառատոնը: Երբեք չեմ եղել Հայաստանում, ինձ ասել են, որ Հայաստանը կախարդական երկիր է, ոչ թե որովհետև գեղեցիկ է, այլև հոգեվոր է. չկարողացա մերժել: Զարմացած եմ, թե ինչպես են իտալերեն խոսում այստեղ:
«Սվանիսերը»կինոնկարի մասին
Այս ֆիլմը ցանկացել են նկարահանել շատ ռեժիսորներ, սա շատ դժվար գործ է: Ես շատ երջանիկ եմ, որ կարողացա խաղալ այն դերը: Այդ դարաշրջանը, հագուստը, երկխոսությունները շատ հաճելի էին:
Մուտին՝ երջանկության մասին
Մարդ ծնվում է, որպեսզի ուրախանա: Մարդ պետք է ընդունի ոչ երկրային էներգիան և իր հետ ներդաշնակության մեջ լինի: Եվ կլինի երջանիկ, եթե ավելի լավ կկարողանա հասկանալ այն, ինչ ունի և այն, ինչ չունի: Մեր հասարակությունը մեզ ցույց է տալիս այն, ինչ չունենք, և հետևաբար մոտանում ենք այն, ինչ չունենք:
Դերասանուհին «Ամենագեղեցիկկինը»ֆիլմի մասին
Իմ քույրը պետք է մասնակցեր ֆիլմի համար նախատեսված փորձին, և ինձ խնդրեց, որ ուղեկցեմ նրան: Սա իրական կնոջ պատմությունն է, պատմություն մի կնոջ մասին, որը Սիցիլիայի սովորույթի դեմ գնաց՝ այն է՝ առևանգված կինը պետք է ամուսնանա: Նա իրականում շատ խիզախ ազջիկ էր: Ես էլ 14 տարեկան էի, ռեժիսորն ընտրեց ինձ այդ դերի համար:
Քննադատության և հանդիսատեսի մասին
Կան ֆիլմեր, որոնք քեզ մեծ հռչակ են բերում, ֆիլմեր, որոնք շոյում են դերասանի էգոն: Քննադատությունը և հանդիսատեսը միշտ չէ, որ համաձայն են: Կան ֆիլմեր, որ պատմական են, օրինակ «Անսանձի սանձահարումը», և երկրորդ ֆիլմը Չելենտանոյի հետ նույնպես: Ես շնորհակալ եմ բոլոր ֆիլմերի համար:
Հայկական որևէ ֆիլմում նկարահանվելու մասին
Հայաստանը մեծ դերասաններ ունի, օրինակ՝ Ազնավուրը: Եթե կլինի առաջարկ, ես պատրաստ կլինեմ նկարահանվել հայկական ֆիլմում:
Նոր ֆիլմերի, ծրագրերի մասին
Տնտեսական ճգնաժամը նաև կինոյի վրա անդրադառնում: Ունեմ կարճամետրաժ անգլիական ֆիլմ, ինչպես նաև կմասնակցեմ իսպանական ֆիլմի նկարահանմանը: Բացի այդ, ՌԴ-ում մի թատերական բեմականացման եմ մասնակցելու, մի քանի ամիս իմ ռուսերենի վրա պետք է աշխատեմ: Էլի ծրագրեր կան, որոնց մասին չէի ցանկանա ակնարկել: Ճգնաժամը վատացավ, մենք՝ իտալացիներս, գնալով մոտենում ենք հույներին:
Ռեժիսոր դառնալու-չդառնալու մասին
Չգիտեմ, նույն հարցն ինձ որդիս տվեց մի քանի օր առաջ: Ես վստահ չեմ: Ունեմ փորձ, բայց անվստահություն եմ զգում: Լավ ռեժիսորը պետք է նաև լավ օպերատոր լինի:
Օռնելա Մուտիի՝ հայ երկրպագուների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վաստակավոր լրագրող Գուրգեն Խաժակյանն անվանի դերասանուհուն գեղեցիկ անակնկալ մատուցեց և ծաղիկներ նվիրեց:
Իտալացի կինոդիվա Օռնելա իր կինոդեբյուտն արեց 1970 թվականին՝«Ամենագեղեցիկ կինը»ֆիլմով: Հայտնի գեղեցկուհին հիմնականում նկարահանվել է եվրոպական ֆիլմերում: Առավել հայտնի աշխատանքներից են գերմանական նոր կինոյի հայրերից մեկի` Ֆոլկեր Շլյոնդորֆի«Սվանի սերը»(1984) ֆիլմում կերտած նրա կերպարը:«Սվանի սերը»Մարսել Պրուստի«Կորուսյալ ժամանակների որոնումներում»առաջին գրքի էկրանավորումն է, որտեղ Մուտիի խաղընկերներն են Ջերեմի Այրոնսը և Ալեն Դելոնը: 1985-ին կինոնկարն առաջադրվեց ԲԱՖՏԱ մրցանակաբաշխության երկու անվանակարգում: Մուտին նկարահանվել է նաև անվանի իտալացի ռեժիսորներ Մարկո Ֆերրերի և Դինո Րիզզիի ֆիլմերում:Սակայն հայ հանդիսատեսին առավելապես ծանոթ է«Անսանձի սանձահարումը»(1980) կատակերգական ֆիլմից, որտեղ նա խաղում է Ադրիանո Չելենտանոյի հետ: Օռնելա Մուտիի Կաննի մշտական պատվավոր հյուրերից է: «Ոսկե ծիրանի» շրջանակներում տեղի կունենա դերասանուհու մասնակցությամբ«Սվանի սերը»կինոնկարի Երևանյան պրեմիերան:
Հարություն Խաչատրյանը խոստացավ, որ «Ոսկե ծիրան»-ն առաջիկա տարիներին կանցկացնի Մուտիի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն: