«Ոսկե ծիրան»

«Ոսկե ծիրան» փառատոնը մեկնարկեց Ծիրանօրհնեքի ավանդական արարողությամբ

2 րոպեի ընթերցում

«Ոսկե ծիրան» փառատոնը մեկնարկեց Ծիրանօրհնեքի ավանդական արարողությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկն ազդարարվեց փառատոնի ավանդական և կարևոր միջոցառմամբ՝ Ծիրանօրհնեքի արարողությամբ: Հուլիսի 12-ին տեղի ունեցած իրադարձությունն այս տարի անցկացվեց Սուրբ Աննա եկեղեցում: Ծիրանօրհնեքի արարողությանը մասնակցեցին փառատոնի կազմակերպիչները, մասնակիցները, բազմաթիվ հյուրեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Արարողությունը կատարվեց տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ:

«Աստված օրհնի ձեզ: Ամեն տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը նոր բարձունքների է հասնում: Դա շոշափելի է: Ամեն անգամ քաղաքակրթությունների և մշակույթների խաչմերուկում մեր երկրի կինոսեր հասարակությունը ծանոթանում է այլ մշակույթների հետ: Նրանք էլ ծանոթանում են մեր մշակույթի հետ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` արարողության ժամանակ նշեց տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր:Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում