Մշակույթ

Հարություն Խաչատրյանը Մոսկվայի կինոփառատոնում երկու մրցանակ է ստացել

2 րոպեի ընթերցում

Հարություն Խաչատրյանը Մոսկվայի կինոփառատոնում երկու մրցանակ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը Մոսկվայի կինոփառատոնի շրջանակում երկու մրցանակ է ստացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը:

«Մոսկվայի միջազգային կինոփառատոնի շրջանակում հունիսի 25-ին անցկացվել է Հարություն Խաչատրյանի 60- ամյա հոբելյանին նվիրված ստեղծագործական երեկո: Այդ երեկոյի ժամանակ նրան մրցանակ է հանձնվել՝ համաշխարհային կինոյում մեծ ավանդի համար: Խաչատրյանին մրցանակ է հանձնել նաև ռուս կինոգործիչների գիլդիան: Այդ մրցանակը կոչվում է «Սպիտակ փիղ¦: Վերադառնալուն պես ավելի մանրամասն կպատմի ինքը՝ Հարություն Խաչատրյանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Միքայել Ստամբոլցյանը:

Միջոցառման ընթացքում ներկայացվել է Հարություն Խաչատրյանի «Քամին ունայնության» (1989) ֆիլմը: «Քամին ունայնությանը» վավերագրական և խաղարկային կինոտեսակների ժանրային առաջին պոստմոդեռնիստական համադրություններից է, որն այսօր լայնորեն կիրառվում է համաշխարհային կինոյում:

Հունիսի 19-26-ն անցկացվող Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնն առանձին ծրագրով անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն ամփոփել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի նախաձեռնած, Մեծ Եղեռնին նվիրված ֆիլմերի ցուցադրության «Այլևս երբեք…» ծրագրի առաջին փուլը: ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը Մոսկվայի կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի միջազգային մրցութային պատվավոր ժյուրիի անդամ էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում