Պաշտոնական

ՀՀ վարչապետը ողջունել է Ջրվեժում Ինժեներական քաղաքի կառուցման ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը ողջունել է Ջրվեժում Ինժեներական քաղաքի կառուցման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հունիսի 24-ին տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,ՏՏԶԱԽ նախորդ նիստի հանձնարականների կատարման ընթացքի մասին զեկուցմանը ծանոթանալուց հետո խորհուրդն անցել է օրակարգային հարցերի քննարկմանը:

Համաձայն հաստատված օրակարգի՝ նիստում քննարկվել են ՀՀ տնտեսության տեխնոլոգիահեն նոր հնարավորությունները և ՏՏ ոլորտի կարճաժամկետ ու երկարաժամկետ զարգացման ուղղությունները: Մասնավորապես, արծարծվել են նպատակային դպրոցական և բարձրագույն հետազոտական կրթությանը, մարզերի տեխնոլոգիական զարգացմանը, անդրազգային կորպորացիաների ներգրավմանը, ֆինանսավորման ենթակառուցվածքների զարգացմանը, բիզնես միջավայրի բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր:

Վարչապետն, ամփոփելով կարծիքները, հորդորել է բոլոր առաջարկությունները ներկայացնել Էկոնոմիկայի նախարարություն՝ ՏՏ ոլորտի զարգացման ներկայիս ռազմավարությունում դրանք ներառելու և այն նոր, հեռանկարային գաղափարներով լրամշակելու նպատակով:

Հաջորդ հարցով խորհրդի անդամներին է ներկայացվել «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության կողմից Երևանի Ջրվեժ թաղամասում Ինժեներական քաղաքի կառուցման ծրագիրը, որի իրագործումը կնպաստի ՏՏ բնագավառի նորաստեղծ ընկերությունների քանակական ու որակական աճին: Ծրագրի արդյունքում նախատեսվում է ժամանակակից ենթակառուցվածքների հիմնում` ճարտարագիտության ոլորտում ներդրումների խթանման և տեղական ու միջազգային շուկայում բարդ տեխնոլոգիական լուծումների առաջադրման նպատակով: Վարչապետը ողջունել է Ինժեներական քաղաքի կառուցման գաղափարը և հանձնարարել էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին՝ «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության ներկայացուցիչների հետ հանգամանալից քննարկել ծրագրի իրականացման մանրամասները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում