Արարատի մարզպետը պարգեւատրեց մարզի բուժաշխատողներին

3 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուժաշխատողի օրվա կապակցությամբ, hունիսի 22-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդունեց եւ պարգեւատրեց մարզի առողջապահական հիմնարկների, գյուղական բուժամբուլատորիաների տնօրններին, բժիշկներին, բուժքույրերին: Մարզի չորս տարածաշրջանների` Արտաշատի, Արարատի, Մասիսի եւ Վեդիի բուժաշխատողներին շնորհավորելու էին եկել նաեւ մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանը, վարչության աշխատակիցներ: Մարզի ղեկավարն իր շնորհավորանքի խոսքում ընդգծեց, որ բժիշկների հոգատար ու սրտացավ վերաբերմունքով, մասնագիտական կարողություններով է պայմանավորված բնակչության շրջանում անցանկալի դեպքերի բացառումը: «Ցանկանում եմ, որ դուք երբեք չվրիպեք. բժշկի սխալը հիվանդի համար մահ է: Նաեւ Ձեր բարեխիղճ սպասարկումից է կախված բնակչության վերաբերմունքը ձեր նկատմամբ»,- ասաց նա: Աբրահամյանը հորդորեց, որպեսզի առողջ մթնոլորտ տիրի աշխատանքային կոլեկտիվներում, իսկ բուժաշխատողներն առավել ուշադիր լինեն մատաղ սերնդի` երեխաների ու աշակերտների նկատմամբ:Մարզի ղեկավարն, անդրադառնալով մարզի առողջապահական ոլորտի փոփոխություններին, ընդգծեց, որ վերջին երկու տարվա ընթացքում մարզում կառուցվել են Քաղցրաշենի, Սայաթ-Նովայի, Խարբերդի եւ Նորաբացի բուժամբուլատորիաները: Իսկ այս տարվա ծրագրով նախատեսված է կառուցել Մխչյանի եւ Բարձրաշենի բուժամբուլատորիաները` Համաշխարհային բանկի եւ ՀՀ առողջապահության նախարարության համատեղ ջանքներով: «1.5 տարի հետո Արտաշատում կունենաք բժշկական նորագույն սարքավորումներով հագեցած եւ արդիական չափանիշներին համապատասխան մարզային նշանակությամբ բժշկական կենտրոն»,- հայտնեց Աբրահամյանը, հավելելով, որ շուտով ավարտին կմոտենան «Արտաշատ» ԲԿ-ի հիմնանորոգման աշխատանքների նախագծա-նախահաշվարկային աշխատանքները: Նա մարզկենտրոնի առողջապահական կենտրոնի ձեռքբերում համարեց այն, որ բուժհիմարկում արդեն մի քանի օր է՝ գործում է մամոգրաֆիայի ծառայությունը: Կենտրոնը վերազինված է արդիական սարքավորումներով:Ելույթներով հանդես եկան նաեւ պարգեւատրված բուժաշխատողները, ովքեր շնորհակալություն հայտնեցին մարզի ղեկավարին` իրենց մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար: Հանդիպման ավարտին մարզի ղեկավարը բժիշկներին մասնագիտական տոնի կապակցությամբ պարգեւատրեց մարզպետի պատվոգրերով եւ ծաղկեփնջերով:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն