Գեղարքունիքի մարզի «Մարտունի ՋՕԸ» սպասարկման տարածքն ավելացել է 20 հեկտարով

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի «Մարտունի ջրօգտագործողների ընկերության» սպասարկման տարածքում ավարտին են մոտենում ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Մարտունի ՋՕԸ» տնօրեն Թաթուլ Կարապետյանը, Մարտունու տարածաշրջանում ոռոգման տարեշրջանի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են ապրիլից, իսկ ոռոգման շրջանը կսկսվի հուլիսի առաջին օրերից եւ կշարունակվի մինչեւ հոկտեմբերի սկիզբը: «Մարտունի» ՋՕԸ-ն սպասարկում է Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Մարտունի, Գեղհովիտ, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Մադինա, Լիճք, Ձորագյուղ, Ծովասար եւ Երանոս համայնքների 8200 բաժանորդների, որոնք հիմնականում տնամերձ հողամասեր օգտագործողներն են: Նշված տարածքներում սպասարկումն իրականացվում է 12 պոմպակայանով եւ 8 ինքնահոս ջրանցքով: Աշխատանքներ են տարվում պոմպակայանները գործարկելու համար: ՀՀ կառավարության կողմից կապիտալ նորոգման աշխատանքների համար տրամադրվել է 40 միլիոն դրամ: Աշխատանքներն ավարտված կլինեն ոռոգման սեզոնի մեկնարկին: Մինչեւ պոմպակայանների գործարկումը` բաժանորդները սածիլման աշխատանքներն իրականացրել են ինքնահոս ջրատար առուներով: Ընդհանուր հաշվարկով` «Մարտունի» ՋՕԸ-ն սպասարկում է շուրջ 1700 հեկտար տարածք, որը նախորդ տարվա համեմատ աճել է մոտավորապես 20 հեկտարով: «Կան նաեւ տարածքներ, որոնք մեր սպասարկման տարածքներում ընդգրկված չեն, սակայն, բնակչության խնդրանքներին ընդառաջելով, աշխատում ենք նաեւ սպասարկել այդ տարածքները»,- ասաց Թաթուլ Կարապետյանը: Մարտունու տարածաշրջանում հիմնականում ոռոգվում են կարտոֆիլի, կաղամբի ցանքատարածությունները եւ պտղատու այգիները:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն