Հայի հարս մոնղոլուհին կշարունակի ապրել Անտառամեջ գյուղում

4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղում արդեն չորրորդ տարին անընդմեջ ապրում է ազգությամբ մոնղոլուհի Բայանդոլգոր Օյունչիմիկը՝ իր մահացած հայ ամուսնու հետ ունեցած երկու զավակների հետ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի Անտառամեջ գյուղ կատարած հերթական աշխատանքային այցի ժամանակ մոնղոլուհին իր դիմում- խնդրանքն է ներկայացրել նրան:

Բայանդոլգորին Մոնղոլիայի մայրաքաղաքում հանդիպել եւ կյանքը նրա հետ է կապել Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղի բնակիչ Հրահատ Երիցյանը: Նրանք Մոնղոլիայի մայրաքաղաքում բնակվել են մինչեւ 2011 թվականը, որից հետո տեղափոխվել են Հայաստան, ժամանակավոր բնակություն հաստատել Անտառամեջ գյուղում: Այս տարվա հունվարին մահացել է Հրահատը, եւ Բայանդոլգորը միայնակ է տանում իր երկու զավակների` 11 տարեկան Վարսիկի եւ 10 տարեկան Արշակի խնամքը: «Մենք ապրում էինք Մոնղոլիայում, Հայաստան տեղափոխվելու մտադրություն չենք ունեցել: Սակայն 2010 թվականին ամուսինս սրտի կաթված ստացավ, երկու անգամ վիրահատվեց, եւ բժիշկը խորհուրդ տվեց մեզ` տեխափոխվել Հայաստան, այն հաշվով, որ գուցե Հրահատի վիճակը կայունանա: Ճակատագրի բերումով մենք ընտրեցինք Անտառամեջ գյուղը, բարի մարդիկ մեզ համար մեկ սենյականոց տուն գնեցին, որտեղ մինչ հիմա ապրում ենք, մեր երեխաներն այստեղ դպրոց գնացին, մենք ընտելացանք մարդկանց, գյուղի կյանքին: Միայն ափսոս, որ Հրահատի կյանքը չկարողացանք փրկել, եւ ես ու երեխաներս մենակ մնացինք այս դժվար պայմանների մեջ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բայանդոլգորը:

Հրահատի մահից հետո ընտանիքի վիճակն առավել ծանրանում է այնքանով, որ կիսատ են մնում փաստաթղթային ձեւակերպումները, այրիացած կինն ու երեխաները զրկվում են նպաստից, սահմանված այլ արտոնություններից օգտվելու իրավունքից: «Մոնղոլիան Հայաստանում չունի դեսպանատուն, երկու երկրների միջեւ հաստատված չեն դիվանագիտական հարաբերություններ, եւ ես չգիտեմ, թե ինչ ճանապարհով պիտի Հայաստանում գրանցում ստանամ: Այստեղ է իմ տունը, ուր մեծանում են զավակներս, այստեղ ենք ուզում ապրել ու աշխատել, բայց ոչ մի ելք ու ճար չունենք»,- հասկանալի հայերենով իր ընտանիքի հոգսերը եւ խնդիրները ներկայացրեց Բայանդոլգորը:

Հիմնական հարցն այն է, որ Հրահատը, նախկինում լինելով ամուսնացած, չի հասցրել դատարանով ամուսնալուծվել ու գրանցել իր երկրորդ ամուսնությունը, ինչի արդյունքում էլ որբացած ընտանիքը հայտնվել է անելանելի կացության մեջ: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ոչ միայն տեղում դրամական օգնություն հատկացրեց Բայանդոլգորին, այլ նաեւ խոստացավ օժանդակել նրան թե՛ փաստաթղթային գրանցումների, թե աշխատանք գտնելու հարցերում: «Պետք է անենք հնարավորը, որ օտարերկրյա քաղաքացուհին, ով ուզում է իր եւ զավակների հետ միասին հետագա կյանքը կապել Հայաստանի հետ, իրեն միայնակ ու անպաշտպան չզգա, ինչը երբեք հարիր չէ մեր ազգային նկարագրին: Խնդրի լուծումը կպահենք մեր ուշադրության ներքո»,- հավաստեց Գեղարքունիքի մարզպետը:

Բայանդոլգորն ունի երաժշտական մասնագիտական կրթություն եւ, հայերի շրջապատում չորս տարի ապրելով, կարողանում է շփվել ազատ ու հասկանալի հայերենով:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը