2 րոպեի ընթերցում
ԱՐՏԱՇԱՏ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարույր Սեւակի մահվան 44-րդ տարելիցի կապակցությամբ, հունիսի 17-ին նրա հայրենի Զանգակատուն գյուղում կրկին նշվեց Պոեզիայի օրը: Վաղ առավոտից այնտեղ էին մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, կրթության եւ սպորտի բաժնի վարիչ Կարինե Հովհաննիսյանը, բաժնի աշխատողներ, Հայաստանի գրողների միության Արարատի մարզային «Պարույր Սեւակ» մասնաճյուղի նախագահ, բանաստեղծ Մանասեն, գրողներ, մտավորականներ, Սեւակի արվեստի երկրպագուները, հյուրեր Սյունյաց աշխարհից, Արագածոտնից, Վայոց ձորից: Մինչ տուն-թանգարան այցելելը հյուրերը Սեւակի մահվան պատճառ դարձած վթարի վայրում` հուշակոթողի մոտ դրեցին ծաղիկներ: Բանաստեղծի տան զբոսայգում ներկաները խնկարկեցին եւ ծաղիկներ դրեցին նրա եւ կնոջ շիրմաքարերին:
Միջոցառումը շարունակվեց տուն-թանգարանի դահլիճում: «Այս լեփ-լեցուն դահլիճը եւ հյուրերի չդադարող հոսքը խոսում է այն մասին, որ Պարույր Սեւակը մեր լեռնային անապակ աղբյուրն է, որից ինչքան էլ խմենք` չենք հագենա»,- բացման խոսքում նշեց տուն-թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանն՝ ավելացնելով, որ արդեն շահագործվում է թանգարանին կից կառույցը` Զանգակատունը` գրապահոցով, վարչական սենյակով, հանդիսությունների սրահով:
ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը տուն թանգարանին էր փոխանցել Սեւակի բրոնզաձույլ կիսանդրին: Նկարիչ Միքայել Ավետիսյանը տուն-թանգարանի հավաքածուն հարստացրեց Սեւակի դիմանկարով:
Տուն-թանգարանում տեղադրված էին նաեւ գրակալներ` համապատասխան բանաստեղծություններով, որոնք գրված էին գրողի կյանքի տարբեր ժամանակահատվածներում: Բակում` նրա այգում հնչում էին Պարույր Սեւակի ստեղծագործությունների ձայնագրությունները` հեղինակի կատարմամբ:
Հյուրերը այցելեցին նորակառույց Զանգակատուն, ծանոթացան հանդիսությունների սրահին, վարչական սենյակներին, գրապահոցին:
Ամեն տարի մարզային կառույցի ղեկավարները Զանգակատանը լինում են նրա ծննդյան օրը` հունվարի 24-ին եւ մահվան օրը` հունիսի 17-ին:
Լիլիթ Մաճկալյան