Երազգավորս գյուղում եկեղեցու հիմնարկեք է կատարվել

4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակի թեմում կատարվեց ևս մեկ եկեղեցու հիմնարկեք: Թուրքիային սահմանակից գյուղը՝ Երազգավորսը, 1984 թվականից ի վեր Ախուրյանի ջրամբարի կառուցման պատճառով եկեղեցի չի ունեցել, ինչպես հարակից շատ գյուղերը. եկեղեցին մնացել է ջրի տակ: Սակայն, գյուղացիները մինչ օրս էլ խոսում են Երազգավորսի նախկին եկեղեցու գեղեցկության մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց համայնքի ղեկավար Արտաշես Մխիթարյանը, եկեղեցին 10-րդ դարի, հետագայում ավերված կառույց է եղել, և 1977 թվականին կատարված պեղումների արդյունքում հստակեցվել է, որ եկեղեցին եղել է մեծ, գմբեթավոր: Նախկին եկեղեցու քարերի մի մասը պահպանվել է՝ հետագայում եկեղեցի կառուցելու ակնկալիքով, սակայն այդպես էլ մինչ օրս չի կառուցվել եկեղեցին: Վերջերս գյուղացիներից մեկի՝ բանաստեղծ Սամվել Մարգարյանի նախաձենությամբ, եկեղեցու շինարարության համար համայնքապետարանը հատկացրել է մոտ 4 հազար հեկտար տարածք: Եկեղեցին կլինի բազելիկ, կունենա զանգակատուն, իսկ հատկացված տարածքի մեծությունը հնարավորություն կտա հետագայում, ֆինանսական հատկացումների դեպքում, կառուցել նաև կիրակնօրյա դպրոց: Շինարարության ընթացքում կօգնագործվեն նաև հին եկեղեցու քարերը: Կարևորելով եկեղեցու դերը համայնքում՝ Մխիթարյանը նշեց, որ, լինելով Գյումրիին մոտ, այս տարիների ընթացքում երազգավորսցիները մկրտության ու հարսանիքի ծեսն անում էին Գյումրիում: «Գյուղում շատ խնդիրներ կան, բայց ամենակարևորը մեզ համար եկեղեցին է: Եթե քայլեր չձեռնարկվեն, գյուղերում աղանդները կշատանան: Սա մեր Առաքելական Սուրբ եկեղեցին պահելու ևս մեկ դրսևորում է: Հուսով եմ, կհաջողվի Աստծո կամոք շուտ ավարտին հասցնել շինարարությունը»,-նշեց համայնքի ղեկավարը:Գյուղում ոչ միայն եկեղեցու շինարարության, այլ նաև հիմքային աշխատանքների իրականացման նախաձեռնությունը Սամվել Մարգարյանինն է, ով լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ իր համար միշտ երազանք է եղել իր հայրենի գյուղում եկեղեցի ունենալը: «Հայրենի ծննդավայրում եկեղեցի ունենալը միշտ իմ համար երազանք է եղել, մինչդեռ 10-րդ դարում, պատմական Երազգավորսում՝ Շիրակավանում, Սմբատ Բագրատունին երկու եկեղեցի է կառուցել՝ Սուրբ Աստվածածինը և Սուրբ Խաչը, և փաստորեն, հազար տարի անց, պատմական Շիրակավանում կառուցվում է եկեղեցի: Փա՛ռք Տիրոջն ու համայնքին, որ արձագանքեցին իմ նախաձեռնությանը: Կարևորը սկիզբն է: Հուսով եմ՝ նախաձեռնությանը կմիանան շատերը: Այո՛, հազար ու մի հոգսեր ունենք, շատ դժվարություններ կան, բայց մեր նախնիների նման՝ թեկուզ զրկանքներով, պետք է Աստծո տուն կառուցենք»,- ընդգծեց Սամվել Մարգարյանը:Այս անգամ ևս թեմի առաջնորդի ձեռամբ հիմնարկեքի կարգ կատարվեց՝ նախ ջրով, ապա գինով լվացվեց 16 գլաքար՝ խորհրդանշելով 12 առաքյալներին, 2 ավետարանիչներին, Պողոս առաքյալին և Գրիգոր Լուսավորչին՝ նրանց, ում վրա հիմնաված է եկեղեցին: Քարերը լվանալուց և սուրբ մյուռոնով օծելուց հետո 16 մկրտված տղամարդ քարերը տեղադրում են եկեղեցու տարբեր հատվածներում: «Հոգին է կենդանարար, ոչ մարմինը: Սա նաև վերաբերում է համայնքին: Հոգի պետք է լինի, որ նշանակի, որ համայնքը կա: Եթե ուզում ենք, որ համայնքը կենդանության նշաներ ցույց տա, ուրեմն, պետք է եկեղեցի ունենա: Վերջին շրջանում շատերն ասում են, թե պետք չէ այսքան եկեղեցի սարքել, բայց մոռանում են, որ հոգին է կենդանություն տալիս: Այսօր համայնքը ոտքի է կանգնել, որ եկեղեցի, հոգի ունենա ու կենդանության նշաններ ցույց տա: Հատկապես այս գյուղերում, սահմանից այս կողմ՝ թո՛ղ կառուցվեն եկեղեցիները, որ սահմանից այն կողմ տեսնեն, որ հայ կա ու եկեղեցի է կառուցում»,- իր խոսքում նշեց Միքայել սրբազանը՝ կոչ անելով բոլոր երազգավորսցիներին միանալ այս աջակցությանը՝ ֆինանսական միջոցներով կամ աշխատանքով, կամ էլ՝ աղոթքով:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև