Հայ փորձագետները կարևորում են անցումը դատափորձագիտական տեխնոլոգիաների նոր մակարդակի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ փորձագետները փաստում են դատափորձագիտական տեխնոլոգիաների որակապես նոր մակարդակի անցնելու կարևորությունը, ինչը պայմանավորված է ժամանակի մարտահրավերներով և արդարադատության պահանջներով: Նման համոզման է նաև ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի տնօրեն Արամ Գահնապետյանը, ով մայիսի 29-ին մասնակցել է «Դատական փորձաքննություն` փաստերի հաստատումը օբյեկտիվի և սուբյեկտիվի եզրագծում» խորագրով Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումին:

«Տարեցտարի օրենսդրությունն ու իրավակիրառ մարմիններն ավելի կոշտ և խիստ չափանիշներ են ներկայացնում դատական փորձաքննության օբյեկտիվության նկատմամբ: Օբյեկտիվության գաղափարը պայմանավորված է համապատասխան հատուկ գիտելիքների բնագավառում փորձագիտական հետազոտության կատարման և ժամանակակից գիտամեթոդական և գործնական հենքի վրա փորձագետի հետևությունների ձևակերպման անհրաժեշտությամբ: Դասական մոտեցմամբ այս գաղափարը դիտարկվում է երկու տեսանկյունից` փորձագետի սուբյեկտիվիզմի անթույլատրելիության և նրա անաչառության: Ընդ որում փորձագիտական սխալների պատճառները բաժանվում են օբյեկտիվ և սուբյեկտիվ խմբերի, իսկ նրանց (փորձագիտական սխալների) բնույթն ընդունված է տարբերակել որպես դատավարական և գործնական»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծել է Գահնապետյանը:

Նրա խոսքով, սակայն, իրականում, իրավակիրառ գործնական աշխատանքներն ընթանում են շատ ավելի բարդ: Դատական փորձաքննության վերջնական արդյունքների օբյեկտիվության համար էական նշանակություն ունեն մի շարք գործոններ, մասնավորապես` բարդ դատական գործերի քննության սպեցիֆիկ հանգամանքներն ու ժամկետային սահմանափակումները, տվյալ կոնկրետ փորձագիտական վարույթի իրական տեխնիկական հնարավորությունները, որոշ իրավիճակներում մեթոդական անորոշությունը, փորձագետի արհեստավարժության մակարդակը, նրա ֆիզիկական և հոգեկան վիճակը, էթիկայի հետ կապված հարցերը, դատավարության այլ մասնակիցների ներազդեցության, այդ թվում կոռուպցիոն հնարավորությունը և այլն: «Այս տեսանկյունից համաժողովի ընթացքում հնչեցված ելույթների և տեղի ունեցած քննարկումների նպատակն էր դատավարական պահանջների կազմակերպա-իրավական և տեխնոլոգիական լուծումների, դատական փորձագետների մասնագիտական կրթության և հոգեբանական պատրաստման հարցերի, դատափորձագիտական գործունեության օբյեկտիվության բարձացմանն ուղղված կանխարգելիչ գործողությունների կոնսոլիդացիայի ուղիների որոնումը»,-նշում է փորձագիտական կենտրոնի տնօրենը:

Արամ Գահնապետյանի գնահատմամբ` բացի վերոնշյալ և մի շարք այլ ակտուալ խնդիրների քննարկումներից, ֆորումը հնարավորություն է տվել իր հարթակներում մասնակիցների ուղիղ շփումների արդյունքներով նախագծել տարբեր երկրների փորձագիտական կենտրոնների աշխատակիցների առօրյա գործնական համագործակցության ոլորտները, այդ թվում` հետազոտական, գիտամեթոդական, գիտական և գիտագործնական: Այս առումով նշվեց նաև, որ համաձայնություններ են ձեռք բերվել ՌԴ, Ղազախստանի առաջատար փորձագիտական կառույցների և ՀՀ փորձագիտական կենտրոնի միջև մոտ ապագայում գիտական և գործնական համագործակցության պայամանագրերի նախապատրաստման և ստորագրման վերաբերյալ:

ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի տնօրեն Արամ Գահնապետյանը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումին: Այս տարի ֆորումի աշխատանքներին մասնակցել էին 3500-ից ավել պատգամավորներ` 84 երկրներից, պաշտոնական պատվիրակությեւնների թիվն անցել էր 60-ից: Ֆորումի աշխատանքային ծրագիրն ընդգրկել էր 70-ից ավելի միջոցառումներ:

Հայերեն