Ընտրական հանձնաժողովի 2 նախագահ և մեկ քարտուղար ձերբակալվել են. ԿԸՀ նախագահ

3 րոպեի ընթերցում

Ընտրական հանձնաժողովի 2 նախագահ և մեկ քարտուղար ձերբակալվել են. ԿԸՀ նախագահ

Ընտրական հանձնաժողովի 2 նախագահ և մեկ քարտուղար ձերբակալվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ ներկայացնելով ընտրատեղամասերում մեկնարկած աշխատանքները։

«Բոլոր ընտրատեղամասերն իրենց աշխատանքները սկսել են առավոտյան ժամը 07։00-ից, առավոտյան 8։00-ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրող քաղաքացիներին։ Ժամը 08։00-ի դրությամբ 2005 տեղամասերից 48-ում հանձնաժողովի անդամներ են բացակայել։ Ընդհանուր 50 բացականերից 3-ը հանձնաժողովների երկու նախագահներ ու մեկ քարտուղար են, որոնց չներկայանալու պատճառը քրեաիրավական գործընթացներն են։ Սակայն ասեմ, որ Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս գործընթացը շարունակել, եթե նույնիսկ ընտրական հանձնաժողովի անդամներից որևէ մեկը բացակայում է։ Անհրաժեշտության դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահները նոր անդամ են նշանակում»,- նշեց նա։

Հիշատակված հանձնաժողովների երկու նախագահներն ու մեկ քարտուղարը ձերբակալվել են, բայց կոնկրետ քրեական գործի մանրամասները հայտնի չեն։  

Վահագն Հովակիմյանի խոսքով՝ այս ընթացքում տեղամասերում որոշ տեխնիկական խնդիրներ են ի հայտ եկել, որոնք հընթացս արագ լուծվել են։ Ընդհանուր առմամբ, քվեարկությունն ընթանում է բնականոն հունով։

Անդրադառնալով հունիսի 7-ին ընդառաջ նախապատրաստական գործընթացներին՝ Հովակիմյանն ընդգծեց, որ ԿԸՀ-ն դասընթացներ էր կազմակերպել, մասնակիցներից 4000-ը տեխնիկական սարքավորումների աշխատողներն են եղել, իսկ շուրջ 16 հազարը՝  տեղական ընտրական հանձնաժողովի անդամներ։ Հատուկ դասընթացներ են իրականացվել տեղամասերի նախագահների ու քարտուղարների համար։

Անդրադառնալով հարցին, թե ինչ պատժամիջոց է սպասվում այն քաղաքացիներին, որոնք կփորձեն թերթիկը լուսանկարահանել կամ ընտրատեղամասից դուրս հանել՝ ԿԸՀ նախագահը նկատեց․

«Նախ, չի՛ կարելի ոչ նկարել, ոչ քվեարկության գաղտնիությունը որևէ կերպ խախտել։ Քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլ նաև պարտականություն։ Ամենակարևորը՝ քվեարկության ընթացքում չի կարելի օգտագործել գրիչ, դրա կարիքը չկա։ Եթե որևէ նշում լինի ծրարի կամ քվեաթերթիկի վրա,ապա այդ քվեարկությունը համարվելու է անվավեր։ Եվ հետո, ընդհանրապես, քվեաթերթիկը լուսանկարահանելու ձգտումը չեմ հասկանում, քվեախցիկում բազմաթիվ թերթիկներ կան, որն ուզի՝ կնկարի։ Համակարգը քվեարկության ընթացքի ապօրինի վերահսկումը բացառում է»։

Հայաստանում ժամը 08։00-ից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ Քվեարկելու իրավունք ունի 2 մլն 485 հազար 851 մարդ։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում