Մարզային

Գեղարքունիքում հունիսմեկյան միջոցառումները կազմակերպեցին «Վորլդ Վիժն Հայաստան»-ը եւ Գավառի քաղաքապետարանը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում հունիսմեկյան միջոցառումները կազմակերպեցին «Վորլդ Վիժն Հայաստան»-ը եւ Գավառի քաղաքապետարանը

ԳԱՎԱՌ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի քաղաքային համայնքներում հունիսի 1-ին տոնականորեն նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության, մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, երեխաների տոնը հիմնականում նշվում է մարզի քաղաքային հինգ ու գյուղական մի շարք խոշոր համայնքներում: Միջոցառումներն ընթանում են նախօրոք նախապատրաստած ընթացակարգով` կավճանկարչություն, համայնքի ստեղծագործական ուժերով կազմակերպված համերգային ծրագրեր, էքսկուրսիաներ:

Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ալվարդ Մանուկյանի հավաստմամբ` «Վորլդ Վիժն Հայաստան»-ի Գավառի ՏԶԾ-ի եւ Գավառի քաղաքապետարանի համատեղ ջանքերով Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ քաղաքի Ազատության փողոցի զբոսայգում կազմակերպվել էր տոնական միջոցառում: Միջոցառման մասնակից փոքրիկներին այցելել են հեքիաթների եւ մուլտֆիլմերի հերոսներ, որոնց հետ նրանք երգել են, պարել, խաղացել եւ զվարճացել: Փոքրիկներին իրենց տոնի առթիվ գեղարվեստական կատարումներով ողջունել են Գավառի արվեստի եւ երաժշտական դպրոցների սաները: Երեխաները մասնակցել են նաեւ բացօթյա նկարչության, իսկ զբոսայգին մանուկների համար դարձել էր նաեւ կավճանկարչության հարթակ:

«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Գավառի ՏԶԾ գրասենյակը մարզկենտրոնի զբոսայգում էր հավաքել նաեւ Գավառի տարածաշրջանի շրջակա գյուղերի մանկապարտեզների երեխաներին:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում