Մարզային

Հայաստանի ազգային արխիվի Արարատի մարզային մասնաճյուղում այսօր պահպանվում է 149 ֆոնդ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային արխիվի Արարատի մարզային մասնաճյուղում այսօր պահպանվում է 149 ֆոնդ

ԱՐՏԱՇԱՏ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային արխիվի Արարատի մարզային մասնաճյուղում այսօր պահպանվում են 149 ֆոնդ` 38 հազ. 418 պահպանման միավորով, որոնցից 31 հազար 881-ը մշտական պահպանության գործեր են եւ իրենցից ներկայացնում են գիտապատմական արժեք (ունեն 100 եւ ավելի տարվա պատմություն), շուրջ 6533-ը` 50 տարվա ժամկետով պահպանման, 9850-ը` երկարաժամկետ պահպանման գործեր են (պահպանվում են 10 տարով եւ կենսաթոշակային, անձնագրային տվյալներ են): Կան շուրջ 30 կրկնվող ֆոնդեր, որոնք ունեն նաեւ ՀԱԱ Արարատի մարզային մասնաճյուղի Վեդի եւ Մասիս քաղաքներում գտնվող ներկայացուցչությունները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀԱԱ Արարատի մարզային մասնաճյուղի վարիչ Սոս Ժամհարյանն ասաց, որ արխիվացված նյութերում չկան անհատական փաստաթղթեր, եղածներն էլ մշտական պահպանության են վերցված 1924-ից եւ զուտ պաշտոնական պետական փաստաթղթեր են:

Նախորդ տարի հունվարից արխիվի աշխատակազմը շուրջ հինգ ամիս աշխատել է արդեն լուծարված կազմակերպությունների փոքրածավալ եւ նմանատիպ ֆոնդերի խտացման գործընթացի վրա, ինչի արդյունքում մասնաճյուղում առկա 219 ֆոնդերի փոխարեն այսօր պահպանվում են 149-ը:

Այս տարվա ընթացքում արդեն ընդունել են Արարատի մարզպետարանի, Արտաշատի քաղաքապետարանի, Արտաշատի թռչնաբուծական տոհմային տնտեսության գործերը: Նախատեսվում է մինչ տարեվերջ արխիվացնել նաեւ Բույրավանի, Բերքանուշի դպրոցների, գյուղապետարանների, եւ այլ գործեր: Նախորդ տարի արխիվացվել են Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցի, Արտաշատի տարածաշրջանի նոտարական գրասենյակի, Արտաշատի պահածոների գործարանի, «Հայփոստի» գործերը:

Քաղաքացիներից նախորդ տարվա ընթացքում ստացվել է շուրջ 1700 հարցում: Բազմաթիվ հարցումներ են ստացվում նաեւ ԱՊՀ երկրներից, ՀՀ կազմակերպություններից: ժամհարյանը նշեց, որ վերջին երեք տարին նկատելիորեն ավելացել են ՌԴ-ից ստացվող հարցումները` կապված ներկայումս այնտեղ բնակվող հայերի աշխատանքային ստաժի հետ:

Արդեն վեց տարի մարզային մասնաճյուղն իր ֆոնդերը պահպանում է 1250 քմ տարածքով Արտաշատի թիվ 9 մանկապարտեզի նախկին շենքում, որը Արտաշատի քաղաքապետարանը ՀԱԱ-ին է հատկացրել անվճար հիմունքներով: Իսկ նախորդ վարչական շենքը, որտեղ 1998-2009թթ. պահվում էին մասնաճյուղի ֆոնդերը (Արտաշատի թիվ 3 մանկապարտեզի նախկին շենքում), գտնվում էր անմխիթար, օգտագործման եւ ֆոնդերի համապատասխան պահպանման համար անբարենպաստ պայմաններում:

Լիլիթ Մաճկալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում