Վալդորֆյան դպրոցների ազգային ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ցեղասպանության դասավանդման հարցեր
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայոց ցեղասպանությունը մանկավարժական համատեքստում քննարկելու կարևորությանն անդրադառնալու նպատակով Հայաստան են ժամանել եվրոպական 27 երկրների ներկայացուցիչներ:
«Արեգնազան» կրթահամալիրը Վալդորֆյան մանկավարժության Եվրոպական խորհրդի և Երևանի պետական համալսարանի սոցիալական հոգեբանության ամբիոնի մասնակցությամբ կազմակերպել էր «Ցեղասպանությունը մանկավարժական խնդիրների լույսի ներքո» թեմայով կոնֆերանս, որին մասնակցեցին վալդորֆյան դպրոցների ազգային ասոցիացիաների պաշտոնական ներկայացուցիչներ: Կոնֆերանսին որպես պատվավոր հյուրեր մասնակցեցին գերմանացի անվանի պատմաբան, Առաջին աշխարհամարտի պատմության մասնագետ դոկտոր Մարկուս Օստերիդերը և Ալանուս համալսարանի պրոֆեսոր, Կասել քաղաքի մանկավարժական բարձրագույն դպրոցի ղեկավար դոկտոր Միխայել Ցեխը:
Իրադարձության մասնակիցները կոնֆերանսի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Արեգնազան» կրթահամալիրի տնօրեն Ծովինար Մնացականյանը, խոսելով կրթահամալիրի գործունեության մասին, ընդգծեց, որ այն առաջնորդվում է վալդորֆյան ուսուցման մեթոդով և ընդգրկված է վալդորֆյան դպրոցների ասոցիացիայում:
«Հավաքվել են վալդորֆյան շարժման եվրոպական խորհրդի անդամները՝ քսանից ավելի երկրներից, որոնց հետ ցանկանում ենք քննարկել Հայոց ցեղասպանության հարցը, հասկանալ, թե ինչ է կատարվել, ինչպես պետք է թեման լուսաբանել և ինչպես կարող ենք հետագայում կանխել նման երևույթները, քննարկել Հայոց ցեղասպանությունը՝ մանկավարժական համատեքստում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ծովինար Մնացականյանը:
«Արեգնազան» կրթահամալիրի տնօրենը փաստում է՝ կրթօջախում ամեն տարի պարտադիր խոսում են ցեղասպանության թեմայով՝ հատկապես ավագ դպրոցում: «Միջին դպրոցում մենք փորձում ենք երեխաներին պատմել այդ մասին: Մենք ուզում ենք, որ իրենք ոչ թե ցավ ապրեն, այլ գործեն՝ ելնելով այն ամենից, ինչ եղել է: Ամեն տարի մեր կլոր սեղանները և արշավներն ուղղված են հենց նրան, որպեսզի մենք կարողանանք մի բան փոխել, ավելի լավը դարձնել՝ սկսելով մեր շրջակապատից»,-նշեց նա: Ծովինար Մնացականյանը հույս ունի, որ համատեղ ջանքերով մենք կհասնենք այն բանին, որ մարդկության ինքնության դեմ նման հանցագործություններ այլևս չեն կատարվի:
Շտայների վալդորֆյան կրթության եվրոպական խորհրդի նախագահ Ռիխարդ Լանդը նշեց, որ նոր զարգացումները դարձել են մի նոր շարժում հատկապես Եվրոպայում: «Այդ շարժումը սկսել է Հռոմի պապը, ով Սուրբ պատարագ մատուցեց և իր խոսքի մեջ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն անվանեց: Ինքս գերմանացի եմ և ուրախ եմ, որ մեր կառավարությունը ևս վերջին օրերին ակնհայտորեն խոսեց ցեղասպանության մասին»,-նշեց նա՝ կարևորելով կրթական ոլորտում թեմայի ուսուցումը:
«Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, ԵՊՀ դասախոս Արա Աթայանն էլ ընդգծեց, որ ինքն իրեն հարց է տվել՝ թե ինչու է մեզ՝ հայերիս համար կարևոր, որ ուրիշները ճանաչեն ցեղասպանությունը:
«Ամեն մարդ տանում է իր ճակատագրի խաչը և այնքանով, որքանով նա կարողանում է տանել նաև իր ժողովրդի խաչը, կրում է այն: Մեր ժողովուրդը բախտ ունի լինել հնագույն քրիստոնյա ժողովուրդը: Այն ստիպված է տանել նաև ուրիշների մեղքի խաչը, և դա իսկապես ծանր է: Մեզ համար շատ կարևոր է, որ լինեն մարդիկ, ովքեր մեզ հետ կլինեն խաչը տանելու գործընթացում: Շատ երկրներ արդեն արել են այս քայլը, և մենք իհարկե սպասում ենք Թուրքիային: Ի դեպ, այս կոնֆերանսին պետք է մասնակցեին նաև Թուրքիայի ներկայացուցիչները, սակայն նրանց չարտերային չվերթն արգելափակվել է»,-նշեց նա: Աթայանի համոզմամբ՝ վալդորֆյան դպրոցներում երեխաները դաստիարակվում են որպես ազատ անհատականություններ, և մանկավարժը ստեղծում է հենարան այն մարդկության համար, որը կապրի առանց ցեղասպանության:
«Ցեղասպանությունը մանկավարժական խնդիրների լույսի ներքո» կոնֆերանսի մասնակիցների թվում են ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Էստոնիայից, Լատվիայից, Սլովակիայից, Չեխիայից, Սլովենիայից, Խորվաթիայից, Հունգարիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Դանիայից, Նորվեգիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, Բելգիայից, Իտալիայից, Լյուքսեմբուրգից և այլ երկրներից: