Սփյուռք

Արամ Ա-ն ընդունել է Լիբանանում ապաստանած սիրիահայերին

2 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն ընդունել է Լիբանանում ապաստանած սիրիահայերին

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն ապրիլի 20-ի երեկոյան Վեհարանի դահլիճում ընդունել է Սիրիայում ստեղծված դժվարին իրավիճակի հետևանքով Լիբանանում ապաստանած Սիրիայի հայ համայնքի զավակներին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից: Հանդիպմանը ներկա էին Բերիո թեմի նախկին առաջնորդ Գերշ. Տ. Սուրեն Արք. Գաթարոյանն ու սիրիահպատակ միաբան հայրեր:

Նորին Սրբությունը, ողջունելով ներկաներին, նշել է. «Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը մեր ժողովրդի բոլոր զավակների տունն է: Հետևաբար, այդ գիտակցությամբ, նախանձախնդրույթմաբ ու նաև համարձակությամբ Անթիլիասի մայրավանք պետք է այցելեք»: Վեհափառ Հայրապետն անդրադարձել է Սիրիայի իրավիճակին՝ նշելով, որ Սիրիայի հայ համայնքը պատմության մեջ իր արմատներն ունեցող, կազմակերպ ու աշխույժ համայնք է, և կարևոր տեղ ու դեր ունի հայ ժողովրդի ու մասնավորապես սփյուռքահայ կյանքում: Հետևաբար, Սիրիայի հայ համայնքի պահպանումը, նրա անվտանգությունը, կառույցներին օժանդակելը համազգային առաջնահերթություն է: Նա կոչ է արել այդ մոտեցմամբ շարունակել աջակցել սիրիահայությանը:

Խոսելով Լիբանանում գտնվող սիրիահայերի մասին՝ Նորին Սուրբ Օծությունը նշել է, որ լիբանանահայ կրոնական, համայնքային ու բարեգործական կազմակերպություններին հորդորել է առավելագույն չափով օգտակար լինել մեր ժողովրդի զավակներին: Արամ Ա-ն նաև կոչ է ուղղել լիբանանահայ գործատերերին՝ հնարավոր ամեն ինչ անել սիրիահայ զավակներին աշխատանքով ապահովելու հարցում: Իր խոսքի վերջում Վեհափառը Սիրիային մաղթել է շուտափույթ խաղաղության վերահաստատում, որպեսզի Սիրիայից պատրադրաբար հեռացած մեր ժողովրդի զավակները վերադառնան և մեր ազգային-եկեղեցական կյանքը վերստին գտնի իր կենսունակությունը:

Ներկաները աջահամբույրով ստացել են Վեհափառի օրհնությունը:

Ապա, Մայր տաճարում տեղի է ունեցել ժամերգություն, որի ավարտից հետո Գերշ. Տ. Սուրեն արք. Գաթարոյանն, իր սրտի խոսքն է ուղղել, անդրադառնալով Սիրիայի հայ համայնքի դերակատարությանը՝ մեր ազգային, կրոնական, կրթական ու մշակութային ոլորտներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում