Արամ Առաջինը խոսել է հայերի արդարացի դատի մասին

4 րոպեի ընթերցում

ՎԱՏԻԿԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունն անմոռանալի եւ անժխտելի պատմական փաստ է, որը խոր արմատներ է թողել ոչ միայն ժամանակակից պատմության, այլեւ հայ ժողովրդի հավաքական գիտակցության մեջ: Հետեւաբար, այն պատմությունից եւ մեր ընդհանուր հիշողությունից ջնջելու ցանկացած փորձ դատապարտված է:

Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ անցկացվող պատարագի ավարտին իր ելույթում նշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը:

«Իրականում, 1915թ-ին 1.5 մլն հայ դարձան Օսմանյան կայսրության կողմից կանխամտածված եւ սիստեմատիկ կերպով իրականացված ցեղասպանության զոհ: Մենք ոչ միայն կորցրեցինք 1.5 մլն հայ, այլեւ հազարավոր վանքեր, եկեղեցիներ, մշակութային ընկերային ու հոգեւոր մեծ արժեք ներկայացնող հաստատություններ, որոնք կործանվեցին, կորսվեցին եւ խլվեցին»,- ասաց Արամ վեհափառը:

Նա փաստեց՝ դրանք դեռ խլված են մնում, եւ դրանց թվում է նաեւ Սիսում Կիլիկիայի հայկական կաթողիկոսությունը: «Մենք չենք կարող մոռանալ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, մարդկության դեմ կատարված այդ հանցագործությունը: Ըստ միջազգային իրավունքի՝ ցեղասպանությունը մարդկության դեմ գործած հանցագործություն է, եւ դրա դատապարտումը, ճանաչումն ու հատուցումը խիստ փոխկապակցված են»,- շեշտեց Արամ Ա-ն:

Նա ընդգծեց՝ Հայ դատն արդարության դատ է, իսկ բոլորը գիտեն՝ արդարությունը մարդը չի իրականացնում, այլ Աստված: Հետեւաբար՝արդարության դեմ գործած հանցանքը Աստծո դեմ գործած մեղք է:

«Հայոց ցեղասպանության մեր նահատակներն այսօր մեզ մարտահրավեր են նետում՝ վերահաստատելու մեր նվիրվածությունը մարդկությանը, մարդկային արժանապատվությանն ու մարդու իրավունքներին»,- ավելացրեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսը:

Դիմելով կաթոլիկ եկեղեցու առաջնորդին՝ նա հիշեցրեց՝ 1915թ.-ին Հռոմի Բենեդիկտոս 15-րդ պապը խստագույն մի նամակով դիմել էր Օսմանյան իշխանություններին՝ պահանջելով դադարեցնել հայերի ջարդը: Հետագա տարիներին եւ տասնամյակներին հայ ժողովուրդը չմոռացավ Հռոմի եկեղեցու շարունակական օժանդակությունը, մտահոգությունն ու համերաշխությունը հայ ժողովրդի նկատմամբ:

Արամ Ա-ն իր երախտագիտությունը հայտնեց կաթոլիկ եկեղեցու առաջնորդին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ անցկացված պատարագի համար՝ ընդգծելով դրա կարեւորությունը:

«Ցեղասպանության սուրբ նահատակների արյունն ավիշ դարձավ Հայոց եկեղեցու ու ժողովրդի գոյության համար՝ մեզ տալով հավատքի ու հայրենիքի համար ապրելու, գործելու ու պայքարելու, նաեւ՝ իմացյալ մահով նահատակվելու քաջությունը: Այսօր, այս արարողության մեջ մենք հոգեպես լիցքավորվում ենք մեր նահատակների հավատքով ու սրբազան կտակով»,- ասաց վեհափառը:

Արամ Ա-ն փաստեց, որ կաթոլիկ եկեղեցին, սրբազան քահանայապետի գլխավորությամբ, եկեղեցու վարդապետ հռչակեց հայ ժողովրդի մեծագույն սրբերից ու աստվածաբաններից Սուրբ Գրիգոր Նարեկացուն:

«Արդարացիորեն, նա եզրակի աստվածաբան է մեր եկեղեցու եւ, ընդհանրապես, ողջ աշխարհի եկեղեցիների կյանքում: Շատ աստվածաբաններ խոսել են Աստծո մասին, սակայն նա խոսեց Աստծո հետ՝ ստեղծելով մարդու ու Աստծո երկխոսությունը իր «Մատյան», որը դարջավ եւ մնաց որպես հայ ժողովրդի երկրորդ Աստվածաշունչ:

Հայերեն Русский

Առանց Հայոց ցեղասպանության ճանաչման Թուրքիան չի կարող ապագա կառուցել․ «Ցեղասպանության հակառակորդների միության» ղեկավարներ

Դեսպան Վահե Գևորգյանը հավատարմագրերն է հանձնել Մոնղոլիայի նախագահին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առիթով

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է դառնալ տնտեսական համագործակցության ավելի արդյունավետ ճանապարհ. Գևորգ Պապոյան

Թեհրանում հայտնել են, որ Ռուսաստանը մեծ դեր ունի Իրան-ԱՄՆ բանակցություններում

Առաջիկա օրերին մեծ քանակությամբ ֆեյքերի ենք ականատես լինելու. Արայիկ Հարությունյան

Հայաստանը վերահաստատում է բաց սահմանների և անխափան գործող ճանապարհների և տրանսպորտային ենթակառուցվածքների անհրաժեշտությունը

27 մոնոներկայացում Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից. անցկացվում է «Արմմոնո» 23-րդ միջազգային թատերական փառատոնը

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի լրատվամիջոցների դեմ պատժամիջոցներին

Ֆրանսիացի դաշնակահար-իմպրովիզատոր Թիբո Մենիլոն հանդես կգա երևանյան մենահամերգով