«Ակոս»-ի նոր գլխավոր խմբագիրը` Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հավանականության ու Դինքի գծած ուղով գնալու մասին

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հայ համայնքն աստիճանաբար կորցնում է մայրենի լեզուն, նոր սերունդը սկսում է ավելի քիչ ուշադրություն դարձնել համայնքի խնդիրներին: Ու չնայած վերջին տարիներին Թուրքիայում տեղի են ունեցել որոշ զարգացումներ, որոնց հետեւանքով նախկինում արգելված թեմաների մասին կարելի է ազատ խոսել, այդուհանդերձ, հայերի նկատմամբ կանխակալ վերաբերմունքը թուրքական պետությունում շարունակվում է: «Արմենպրես» գործակալությունը խոսել է Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականի նոր գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանի հետ` անդրադառնալով ինչպես պարբերականի առաջիկա ծրագրերին, այնպես էլ հայ համայնքին առնչվող խնդիրներին:

- Շնորհավորելով «Ակոս» պարբերականի խմբագրի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ կցանկանայի տեղեկանալ Ձեր առաջիկա ծրագրերի մասին: Ձեր խմբագրության օրոք որո՞նք են լինելու «Ակոս» պարբերականի աշխատանքի հիմնական սկզբունքները:

-Շնորհակալություն: Առջևում ապրիլի 24-ն է, երբ բոլորս հիշատակելու ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Կարծում եմ՝ այս առաջիկա ամիսների ընթացքում կենտրոնանալու ենք հենց այս թեմայով քաղաքական և դիվանագիտական զարգացումների վրա: Ի՞նչ կանի Թուրքիան, Հայաստանի և արտերկրի հայերից կողմից ի՞նչ քայլեր կարվեն, ապրիլին ովքե՞ր կգան Թուրքիա, հիշատակման համար արտասահմանից ինչպիսի՞ մասնակցություն կլինի. այսպիսի հարցերը սպասում են պատասխանի: Ե՛վ կենտրոնանալու ենք նմանօրինակ ակտուալ զարգացումների վրա, և՛ աշխատելու ենք տեղեկատվական հրապարակումներ անել 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի հետ կապված: Պարբերականի հիմնական սկզբունքներն ամեն ժամանակի համար նույնն են՝ հետաքրքրվել Թուրքիայի հայ համայնքի խնդիրներով և լրագրություն անել:

-«Ակոս»-ի մասին խոսելիս մշտապես մտքիդ Հրանտ Դինքն է գալիս: Սակայն որոշ մարդիկ պնդում են, որ մեր օրերի «Ակոս»-ը տարբեր է Դինքի խմբագրության ժամանակվա «Ակոս»-ից: Ի՞նչ կասեք նման խոսակցությունների մասին, «Ակոս»-ն իրո՞ք փոխվել է:

-Որքան հասկանում եմ՝ նկատի ունեք այն քննադատությունները, որով Հայաստանում ու որոշ շրջանակներում պնդում են, թե ««Ակոս»-ը նախկինի նման համարձակ չէ»: Իրականում այս քննադատության հետ համամիտ չեմ: Համարձակությունը մի փոքր էլ կապված է ժամանակաշրջանի մթնոլորտի հետ: Օրինակ այն լուրը, որ Սաբիհա Գյոքչենն իրականում հայ որբ է եղել, 2004 թվականի Թուրքիայի համար շատ խիստ տեղեկություն էր, քանի որ Թուրքիայի քաղաքական դերակատարներն ընտրեցին այս տեղեկատվությանը խիստ հակազդեցություն ցույց տալու ճանապարհը: Եթե նույն լուրը արվի հիմա, այն խիստ չի համարվի, քանի որ քաղաքական մթնոլորտն այլևս նմանօրինակ լուրերի նկատմամբ նախկինի նման հակազդեցություն չի ցուցաբերում: Կարճ ասած՝ խստությունը պայմանավորված է նաև նրանով, թե համակարգը ինչին կարձագանքի, իսկ ինչին ոչ: Նույն զարգացումները կարող ենք տեսնել նաև քրդական հարցում: Այսօր կարող ես ասել այն ամենը, ինչն ասելու համար 10 տարի առաջ կարող էիր բանտում հայտնվել: Եվ այժմ հայտնի շրջանակների կողմից էլ կարող են գալ այնպիսի քննադատություններ, թե քուրդ քաղաքական գործիչները «բավական խիստ չեն»: Սակայն ամենից առաջ պետք է հիշել, որ բոլոր այս զարգացումները ձեռք են բերվել քաղաքական և հասարակական պայքարի արդյունքում, և սրանց համար մեծ գին է վճարվել:

-Որպես Ստամբուլում ապրող հայ՝ ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի հայ համայնքի այսօրվա վիճակը: Ըստ Ձեզ՝ որո՞նք են համայնքի՝ լուծման կարիք ունեցող ամենահրատապ խնդիրները:

-Կարծում եմ՝ հայ համայնքի կարևորագույն խնդիրն այսօր հայերենի աստիճանական կորուստն է, դպրոցներում հայ աշակերտների փոքր թիվը և նոր սերնդի կողմից հայկական համայնքի խնդիրների նկատմամբ մեծ ուշադրություն չցուցաբերելը: Սա, իհարկե, երբեմն անխուսափելի երևույթ է, քանի որ նոր սերունդները միշտ ուրիշ օրակարգ են ունենում, աշխարհում ամեն տեղ է այսպես: Բայց, ամեն դեպքում, ամենակարևոր խնդիրը բնակչության աստիճանական նվազումն է. այս խնդրին որևէ լուծում չի գտնվում: Սրա հետ կապված՝ Անատոլիայում էլ բնակչությունը գրեթե վերանում է: Մշակութային, պատմական ժառանգության պաշտպանության հետ կապված էլ դեռ մեծ խնդիրներ կան: Անատոլիայում շատ եկեղեցիներ մեր օրերում այլ նպատակի են ծառայում, որոշներն այդ տարածքի մարդկանց սեփականությունն են: Եվ մեկ էլ այն, որ չնայած վերջին տարիների զարգացումներին` հայերի հետ կապված ընկալումը հիմնականում դեռ լավատեսական չէ, այս պատճառով հայ համայնքը դեռ զգում է իրեն ճնշման տակ, դժվարանում է խոսել:

- Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ի՞նչ պետք է սպասել Թուրքիայից:

-Քաղաքականության մեջ հավասարակշություններին նայելիս իրատեսական չի դառնում սպասելը, որ Ցեղասպանությունը կընդունվի: Սրա հետ մեկտեղ դժվար է նաև ենթադրել, թե կառավարությունը ինչ կանի, քանի որ նախընտրական տարում ենք, բացի այդ այս հարցում կա «Արդարություն և զարգացում» կուսակցության (խմբ.- Թուրքիայի իշխող կուսակցությունն է) բավական էլաստիկ, անհավասարակշիռ, անհետևողական քաղաքականությունը: Նախորդ տարվա ցավակցական ուղերձից հետո ոչ ոք չէր սպասում, որ օրինակ այս տարի ապրիլի 24-ին կկազմակերպվի Չանաքքալեի հիշատակի արարողություն և հատկապես այն, որ դրան կհրավիրվի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այս հրավերը Թուրքիայում խնդրին արդար տեսանկյունից նայող շրջանակների կողմից մեծ հակազդեցությամբ ընդունվեց: Այսինքն, եթե կառավարությունը նախկինի համեմատ մի դրական քայլ է անում, կա սովորություն, որ դրանից հետո անպայման մի բացասական քայլ էլ պիտի արվի: Սակայն ես ենթադրում եմ, որ ապրիլի 24-ին ընդառաջ, թեկուզև փոքր, մի քայլ կարվի, սակայն չեմ կարող ասել, թե ինչպիսին:

-Ապրիլի 24-ին Հայաստան գալու մտադրություն ունե՞ք:

-Ցանկություն կա, սակայն վերջնական կորոշեմ ապրիլին:

Հարցազրույցը Արաքս Կասյանի

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում