Գիտություն

STARMUS-ի ութերորդ փառատոնը տեղի կունենա Կանարյան կղզիներում

3 րոպեի ընթերցում

STARMUS-ի ութերորդ փառատոնը տեղի կունենա Կանարյան կղզիներում

Իսպանիայի Կանարյան կղզիները 2026 թվականի հոկտեմբերին կհյուրընկալեն իր տեսակի մեջ բացառիկ գիտության և երաժշտության STARMUS («Սթարմուս») փառատոնը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արդեն 8-րդ անգամ կազմակերպվող փառատոնի անցկացման մանրամասների մասին դեկտեմբերի 16-ին Լոնդոնում կազմակերպված ասուլիսում հայտնել է STARMUS-ի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը։

Փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 17-22-ը Տեներիֆե և Լա Պալմա կղզիներում։ 8-րդ փառատոնն անց է կացվելու «Ճշմարտության փնտրտուքը» խորագրի ներքո։

STARMUS փառատոնները մշտապես աչքի են ընկնում քննարկվող թեմաների բազմազանությամբ և բանախոսների բացառիկությամբ։ Նախկին փառատոններին իրենց մասնակցությունն են բերել լուսնագնացներ, տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակիրներ, ականավոր գիտնականներ և աշխարհահռչակ երաժիշտներ։ 

«STARMUS VIII»-ի մասնակիցների ցուցակը դեռևս չի հրապարակվել։ 

Փառատոնի շրջանակում ամեն տարի շնորհվում է Սթիվեն Հոքինգի մեդալը, որը տրվում է գիտությունը հանրայնացնողներին (Science Communicator) երեք անվանակարգերում՝ գիտություն, արվեստ և ֆիլմ: Առաջին անգամ մեդալը հանձնվել է Starmus-ի երրորդ փառատոնի ժամանակ՝ 2016 թվականին։ Այս տարիների ընթացքում մեդալին արժանացել են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպես SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը, օսկարակիր ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը, օսկարակիր կոմպոզիտոր Հանս Ցիմերը, երջանկահիշատակ պրիմատոլոգ Ջեյն Գուդոլը, աստղաֆիզիկոս Նիլ դե Գրաս Թայսոնը, ֆիզիկոս Ջիմ ալ-Խալիլը, Queen խմբի անդամ, երաժիշտ և աստղաֆիզիկոս Բրայան Մեյը, էլեկտրոնային երաժշտության հիմնադիրներից մեկը համարվող Ժան Միշել Ժառը և այլոք։ 

Փառատոնի համահիմադիր Գարիկ Իսրայելյանը դեկտեմբերի 16-ին կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է Ջեյն Գուդոլի պատվին նոր մեդալ ստեղծելու մասին, որը կոչվելու է Jane Goodall Earth Medal։ Եթե Հոքինգի մեդալը շնորհվում է գիտության հանրայնացման գործում ունեցած ավանդի համար, ապա Ջեյն Գուդոլի անվան մեդալը տրվելու է մարդկանց, ովքեր ջանքեր են գործադրում և իրենց ձայնը միշտ լսելի են դարձնում մեր մոլորակի ու կենսաբազմազանության պահպանման գործում։ Հայտնի պրիմատոլոգ Ջեյն Գուդոլը, ով կյանքից հեռացավ 2025 թվականին, STARMUS-ի խորհրդատվական խորհրդի անդամ էր։ 

STARMUS-ի առաջին փառատոնը կազմակերպվել է 2011 թվականին։ Փառատոնի համահիմնադիրները աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն ու լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյն են։ 

2022 թվականին փառատոնն առաջին անգամ կազմակերպվել էր Հայաստանում։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում