ԳՅՈՒՄՐԻ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավետիսյանների ընտանքի մահը միայն Հայաստանի ողբերգությունը չէ, սա նաեւ Ռուսատանի ցավն է: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի կոմիտեի փոխնախագահ Օլեգ Լեբեդեւը: «Մենք Հայաստանում ենք` ՌԴ պետդումայի ցավակցությունը հայտնելու Ավետիսյանների ընտանիքի հարազատներին եւ Հայաստանին: Սա միայն Հայաստանի ցավը չէ, սա նաեւ ողջ ռուս ժողովրդի եւ այդ զինվորի ընտանիքի ցավն է: Գիտեմ, ոչ մի բառ չի կարող սփոփել վիշտը, կամ կյանքի կոչել զոհվածներին, բայց իմ եւ իմ գործընկերների անունից կրկին իմ ցավակցությունը փոխանցելով` կոչ եմ անում հայ ժողովրդին այս ոճրագործության պատճառով չմոռանալ մեր դարավոր բարեկամական պատմությունը, թող այս սարսափելի դեպքը երկու բարեկամ ազգերի բախման պատճառ չդառնա»,-նշեց Օլեգ Լեբեդեւը:
Անդրադառնալով Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու գյումրեցիների պահանջին՝ պատգամավորը նշեց, որ այս պահին նախաքննական ընթացքը չպետք է խախտվի ոչ մեկի կողմից, այդ թվում նաեւ` Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության Ազգային ժողովների, բայց, միեւնույն ժամանակ, պետք է արվի ամեն ինչ, որպեսզի ողջ ընթացքը լինի բաց: «Պետք է արվի ամեն ինչ, որ ողջ գործընթացը բաց լինի բոլորի համար: Հայաստանում են ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչները, ովքեր հայ գործընկերների հետ համատեղ աշխատում են, ստեղծված է նաեւ համատեղ շտաբ, որի կազմում ընդգրված են երկու կողմերի արհեստավարժ մասնագետները: Մենք երեկ մեր հայ գործընկերների հետ հանդիպեցինք եւ որոշեցինք, որ կտեղծենք նաեւ պատգամավորական համատեղ խումբ, որը եւս կհետեւի քննչական գործընթացին: Մենք եւս բաց կգործենք: Նախաքննությունն այս պահին ՀՀ-ում է իրականացվում, դատը եւս կանցկացվի Հայաստանի տարածքում: Իմ կարծիքով` մեղավորը պետք է ստանա ամենախիստ պատիժը, վստահ եմ, որ այդպես էլ կլինի: Կրկնում եմ Ռուսաստանի Դաշնությունը չի հրաժարվում հանձնել Պերմյակովին հայկական կողմին, բայց այս պահին նախաքննություն է կատարվում եւ պետք չէ միջամտել, միայն այդ գործընթացից հետո է կարելի որոշում կայացնել, կարծում եմ` դա կլինի խելամիտ որոշում»,-ավելացրեց Օլեգ Լեբեդեւը:
Պատգամավորը, պատասխանելով լրագրողների՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ բազայի վիճակի մասին հարցին, նշեց, որ վերադառնալով Դումա, իրենք կներկայացնեն 102-րդ ռազմաբազա միայն պայմանագրային ծառայողներ ուղարկելու առաջարկը: «102-րդ ռազմաբազայի տարածքում միայն պայմանագրային զինծառայողներ ծառայելու առաջարկով կդիմենք ե՛ւ ՌԴ Դումային ե՛ւ երկրի ղեկավարներին: Ի դեպ, նրանք բոլորը պետք է այլ երկրներում ծառայության անցնելու հատուկ պատրաստվածություն ունենան նաեւ»,-նշեց ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի փոխնախագահ Օլեգ Լեբեդեւը:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:
Արմենուհի Մխոյան