Հայաստանում հայտարարել են Ռաֆայել Լեմկինի դրամաշնորհ օտարերկրյա ասպիրանտների համար
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2015թ. դրամաշնորհային ծրագրի մեկնարկը: Այն հնարավորություն է ընձեռելու օտարերկրյա ասպիրանտներին, որոնք մասնագիտանում են ցեղասպանագիտության ոլորտում, մեկ ամսով այցելել Հայաստան` տեղի գիտական հաստատություններում և գրադարաններում ուսումնասիրություններ իրականացնելու համար:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱ ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի լրատվական բաժնից, հաղթող հավակնորդների ուսումնասիրությունների իրականացման հիմնական վայրը լինելու է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որտեղ նրանք հնարավորություն կստանան ծանոթանալ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմությանը, ուսումնասիրություններ կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերում և գրադարանում, ինչպես նաև ստանալ մասնագիտական խորհրդատվություն, ծանոթանալ Հայաստանի Հանրապետության բուհերի, արխիվների, գրադարանների նյութերի հետ:
Տարեկան նախատեսվում է մեկ ասպիրանտի այցելություն: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հոգալու է երկկողմանի ճանապարհորդության և կացության ծախսերը:Հայցադիմումների ներկայացման վերջնաժամկետը` 2014թ. դեկտեմբերի 15-ն է, հաղթող հավակնորդի անվան հրապարակումը` 2014թ. դեկտեմբերի 25-ին, ծրագրի մեկնարկը` 2015թ. հունվարի 1-ը, դրամաշնորհի տևողությունը մեկ ամիս է:
Հաղթող հավակնորդը պարտավորվում է ծրագրի ավարտից հետո 6 ամիսների ընթացքում տրամադրել իր կատարած ուսումնասիրությունների արդյունքը գիտական հոդվածի տեսքով, International Journal of Armenian Genocide Studies պարբերականում հարապարակելու նպատակով: