Քաղաքականություն

Հունաստանի խորհրդարանում ցեղասպանության ժխտումը քրեականացող օրինագիծը քվեարկության կդրվի սեպտեմբերի 9-ին

2 րոպեի ընթերցում

Հունաստանի խորհրդարանում ցեղասպանության ժխտումը քրեականացող օրինագիծը քվեարկության կդրվի սեպտեմբերի 9-ին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի խորհրդարանում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը կկայանա երեքշաբթի` սեպտեմբերի 9-ին Հունաստանի ժամանակով 19:00-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հունաստանում հրապարակվող «Ազատ օր» պարբերականի գլխավոր խմբագիր Հռիփսիմե Հարությունյանն ասաց, որ սեպտեմբերի 5-ին խորհրդարանում կայացել է բուռն քննարկում, հնչել են տասնյակ ելույթներ եւ փաստարկներ: «Վերջնական քվեարկությունը նախատեսված է երեքշաբթի երեկոյան ժամը 7-ին Հունաստանի ժամանակով: Հույս ունենք, որ այս անգամ հետաձգումներ չեն լինի եւ օրենքը կընդունվի»,- ասաց Հռիփսիմե Հարությունյանը:

Շուրջ մեկ շաբաթ Հունաստանի խորհրդարանը քննարկում է «Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի լրամշակված տարբերակը, որը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլեւ հայերի եւ պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը: Վեց կետից բաղկացած օրենքի նախագիծը նախատեսում է դրամական խոշոր տուգանք և բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն և կժխտեն միջազգային դատարաններում և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները: Խորհրդարանի 101 պատգամավորներից 51-ի կողմ քվեարկելու պարագայում օրենքի նախագիծը կընդունվի: Հարությունյանի գնահատմամբ, հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ պարզվել է, որ խորհրդարանի մեծամասնությունը կողմ է օրենքի ընդունմանը:

Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ ապրիլի 24-ը ճանաչել հիշատակի օր: Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Հունաստանի կառավարությունը 3 խոշոր քաղաքներում կազմակերպում է հիշատակի միջոցառումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում