Քաղաքականություն

Սեյրան Օհանյանը վստահ է, որ Սոչիում կայանալիք հանդիպումից հետո էլ հակառակորդը չի պահպանի հրադադարի ռեժիմը

2 րոպեի ընթերցում

Սեյրան Օհանյանը վստահ է, որ Սոչիում կայանալիք հանդիպումից հետո էլ հակառակորդը չի պահպանի հրադադարի ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում լարված իրավիճակի հիմնական մեղավորը Ադրբեջանն է, որ սովորաբար քաղաքական կարեւորագույն միջոցառումներից, հանդիպումներից առաջ լարված իրավիճակ է ստեղծում եւ փորձում ազդեություն ստեղծել միջազգային կառույցների, Հայաստանի եւ սեփական հանրության վրա, ռազմատենչ գործողություններով փորձում բարձրացնել իրենց զինված ուժերի մարտական ոգին: Օգոստոսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարելով այս մասին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի բացառում, որ օգոստոս 8-9-ին Սոչիում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ եւ հետո էլ հակառակորդը կպահպանի լարված իրավիճակը: Նախարարը քիչ հավանական է համարում, որ երկու երկրների նախագահների հանդիպումից հետո հակառակորդը կպահպանի հրադադարի ռեժիմը եւ սադրանքների չի դիմի: Լավ ճանաչելով հակառակորդին եւ նրա դիրքորոշումը` նախարարը փաստում է, որ հայկական եւ ղարաբաղյան զինված ուժերի հիմնական առաքելությունը ոչ միայն անվտանգության պահպանումն է, այլեւ ավելի կատարելագործվելու, մարտունակության բարձրացման ցանկությունը, որի շնորհիվ սահմանին զինվորն ամուր է կանգնած ` պատրաստ դիմակայելու հակառակորդի ցանկացած գործողության եւ հակահարվածների:

«Միաժամանակ, մենք կարծում ենք, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար տարվող ցանկացած հանդիպում հնարավորություն կտա բանակցելու, երկխոսություն ստեղծելու եւ կառուցողական հիմք տալու բանակցային գործընթացին: Երկխոսությունն է այն պայմանը, որի առկայությամբ կարող ենք ստեղծել հնարավորություն, որ համապատասխան ընթացք տանք հակամարտության քաղաքական լուծմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Սեյրան Օհանյանը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 2-ին Գավառ կատարած աշխատանքային այցելության ժամանակ հայտարարեց, որ օգոստոսի 8-9-ին Սոչիում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ու հույս հայտնեց, որ հանդիպումը կթուլացնի սահմանում ստեղծված լարված իրավիճակը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում