Սուրեն Բաբայանն աշխատում է նոր եռագրության վրա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Սուրեն Բաբայանի նոր՝ «Փուշը» ֆիլմն ընդգրկվել է երևանյան «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր. խաղարկային» մրցույթում: Լևոն Խեչոյանի պատմվածքի հւման վրա նկարահանված ֆիլմի հերոսը գրող է, ով իրադարձությունների բերումով դարձել է զինվոր և մահացու վիրավորվել: Գլխավոր դերը մարմնավորած անվանի դերասան Ժան Պիեռ Նշանյանը հուլիսի 18-ին հրավիրված ասուլիսում նշեց, որ հեշտությամբ է աշխատում Սուրեն Բաբայանի հետ:

«Երբ աշխատում ես Սուրեն Բաբայանի հետ, միշտ հոգեվարքի մեջ ես: Ինձ համար կյանքում հեշտ ոչինչ չկա: Լուրջ ասելիքով գործը հնարավոր չէ հեշտ ներկայացնել: Երբ մենք սկսում ենք աշխատել, Սուրենն ասում է, որ ամեն անգամ կարծես նստենք դպրոցական նստարանին և աշխատենք: Ինձ համար շատ հեշտ է աշխատել Սուրեն Բաբայանի հետ, 40 տարվա ընկերս է, գիտեմ նրան, իր բնավորությունը, ես այդ հարցում խնդիր չունեմ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Նշանյանը:

Նշանյանի կարծիքով, դժվար է մտնել հերոսի հոգեվիճակի մեջ, այնուհետև դուրս գալ դրանից:

Ռեժիսոր Սուրեն Բաբայանը նշեց, որ պատրաստվում է նոր եռագրություն սկսել, որին կրկին կմասնակցի Ժան Պիեռ Նշանյանը: «Առաջին ֆիլմի սցենարը գրել եմ: Կրկին Լևոն Խեչոյանի գործով եմ պատրաստում: Ջավախքի հետ է կապված, և այնտեղ էլ ցանկանում են նկարահանել»,-նշեց Բաբայանը:

Ռեժիսոր, սցենարիստ, դերասան Սուրեն Բաբայանը ծնվել է 1950 թվականին: 1973-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, փորձաշրջան ացնել Տարտուի «Վայնեմույնե» թատրոնում (Էստոնիա): 1974-75-ին եղել է հեռուստաթատրոնի դերասան և ռեժիսոր: 1979-ին ավարտել է Մոսկվայի ռեժիսորական բարձրագույն դասընթացը (Նիկիտա Միխալկովի արվեստանոց): 1980-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես ռեժիսոր:

«Փուշը» ֆիլմում նկարագրված է, թե ինչպես թշնամու դիրքերից արձակած փամփուշտը մահացու կերպով վիրավորում է զինվորին, որը խաղաղ պայմաններում ճանաչված գրող էր: Ընդամենը տասնհինգ րոպե է բաժանում նրա երկնային կյանքը երկրայինից: Այդ տասնհինգ րոպեների ընթացքում նրա հետևից գալիս են հրեշտակ-այլմոլորակայինները, որոնք ամեն կերպ փորձում են խորհուրդներ տալ, օգնություն ցուցաբերել:Նրա հետզհետե խամրող գիտակցության մեջ միմյանց են հաջորդում անցյալի, ներկայի և ապագայի տարօրինակ տեսիլքները, և տասնհինգ րոպե անց Փուշը (այդպես է հերոսի անունը) մեռնում է կրակոցից:

Հայերեն

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել