Հռոմի Ֆրանցիսկոս պապը ուղերձ է հղել Բրազիլիայում ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկի առթիվ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը ուղերձ է հղել ֆուտբոլի աշխարհի առաջնության առթիվ, որը մեկնարկել է Բրազիլիայում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իր տեսաուղերձում, որը հաղորդվել է բրազիլական հեռուստատեսության Rete Globo ալիքով, քահանայապետը մաղթել է, որ «աշխարհի այս առաջնությունն անցնի խաղաղության ու հանգստության, փոխադարձ հարգանքի, իրենց միասնական ընտանիքի անդամներ համարող մարդկանց համերաշխության եւ եղբայրության ոգով»:
Հռոմի պապը հուսով է, որ աշխարհի առաջնությունը «լինելով սպորտի տոն, կկարողանա վերածվել ժողովուրդների միջեւ համերաշխության փառատոնի»: «Սպորտը այն արժեքների փոխանցման գործիքն է, որոնք նպաստում են մարդկային անհատականության բարօրությանը եւ օգնում կառուցելու ավելի հաշտ ու եղբայրական հասարակություն: Խորհրդածենք ազնվության, համառության, բարեկամության, աջակցության ու համերաշխության մասին»,- հովվապետի խոսքը մեջբերել է Վատիկանի ռադիոն, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: