Մարզային

Արմեն Մուրադյանը ծանոթացել է Լոռիում գործող բուժհաստատությունների պայմաններին

5 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը ծանոթացել է Լոռիում գործող բուժհաստատությունների պայմաններին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երեկ` մայիսի 26-ին, Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ եղել է Սպիտակի բժշկական կենտրոնում: Նախարարը ծանոթացել է հիվանդանոցի` հատկապես վիրահատարանների և վերակենդանացման բաժանմունքի նյութատեխնիկական հագեցվածությանը, իրականացվող բժշկական ծառայությունների ծավալներին, գործիքային և լաբորատոր հետազոտությունների իրականացման հնարավորություններին, ինչպես նաև մասնագետներով ապահովվածությանը: Բժշկական կենտրոնում նա ծանոթացել է նաև սիրիահայ բժիշկ, մանկաբույժ Վարանդ Կիրակոսյանի հետ, ով արդեն մեկ տարի է, ինչ աշխատում է Սպիտակում:Արմեն Մուրադյանը նաև այցելել է հիվանդներին, հետաքրքրվել նրանց վիճակով և բուժման ընթացքով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից,Վանաձորում առողջապահության նախարարը խորհրդակցություն է անցկացրել մարզի բժշկական հաստատությունների ղեկավարների հետ: Նա ներկաներին հորդորել է անկաշկանդ բարձրաձայնել առկա խնդիրներն ու մտահոգությունները: Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ իր առաջին պահանջը բժշկական ծառայությունների որակի, այդ թվում` անվտանգության ապահովումն է։ Նախարարը նշել է, որ դրա համար պատասխանատու են բուժհիմնարկների ղեկավարները։«Առողջության առաջնային պահպանումը կառավարության գերակա ուղղություններից է, հետևաբար մեզ համար պոլիկլինիկական յուրաքանչյուր խնդրի լուծում կարևոր է։ Հուլիսի 1-ից այս օղակում աշխատավարձներն էականորեն կբարձրանան։ Սակայն դա միաժամանակ ենթադրում է նոր մոտեցումներ և ավելի որակյալ աշխատանք։ Պոլիկլինիկայի բժիշկը պետք է ձգտի իր կողմից սպասարկվող բնակչությանն առողջ պահել և հիվանդությունները վաղ հայտնաբերել»,- ընդգծել է նախարարը։

Կարևորելով առողջ ապրելակերպը` նա առաջնային օղակի բժիշկներին հորդորել է հետամուտ լինել, որպեսզի մարդիկ գոնե տարին մեկ անգամ այցելեն պոլիկլինիկա, ինչը հնարավորություն կտա ժամանակին ախտորոշել սրտանոթային կամ ուռուցքային հիվանդությունները, որոնք մահացության մեծ տոկոս են կազմում: Արմեն Մուրադյանը կարևորել է նաև առողջությունը վտանգող գործոններից խուսափելու վերաբերյալ բնակչության գիտակցության և իրազեկման բարձրացման անհրաժեշտությունը։ Միաժամանակ նախարարը նշել է, որ բժշկի աշխատանքի որակի ցուցանիշը բնակչության գոհունակությունն է:

Նախարարի ուշադրությունից դուրս չի մնացել նաև կադրերի համալրման խնդիրը: Նա առաջարկել է առաջնահերթ կատարել կարիքների ճշգրիտ գնահատում։«Նախարարությունը կփորձի մասնագետներով ապահովել, իսկ մարզը` գրավիչ պայմաններ առաջարկել, որպեսզի Երևանի բժշկական համալսարանում ուսում ստացող մասնագետները ցանկություն ունենան վերադառնալու և ծննդավայրում աշխատելու»,-ասել է Արմեն Մուրադյանը։

Այնուհետև նախարարը եղել է Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում, որն իրականացնում է մարզի հոգեկան խնդիրներ ունեցող շուրջ 4500 բնակչի դիսպանսեր հսկողություն, իսկ ծավալված 30 մահճակալը բավարարում է, ըստ անհրաժեշտության, նրանց հիվանդանոցային բուժումը կազմակերպելու համար: 1960 թվականին կառուցված շենքում թեև պայմանները բարվոք չեն, սակայն նկատելի է ղեկավարի սրտացավ ու պատասխանատու վերաբերմունքը, ինչի առթիվ Արմեն Մուրադյանն իր գոհունակությունն է հայտնել:

Առողջապահության նախարարի հաջորդ շրջայցը Վանաձորի բժշկական կենտրոնում է եղել։ Արմեն Մուրադյանը ծանոթացել է հիվանդանոցի պայմաններին, հագեցածությանը, իրականացվող ծառայությունների ծավալներին։ Նա շրջել է վիրաբուժական և «Սուրբ Նարեկ» մանկական բաժանմունքերում, հետաքրքրվել հիվանդների վիճակով ու բուժման ընթացքով: Նախարարն իր մտահոգությունն է հայտնել այն առիթով, որ մանկական վերակենդանացման բաժանմունքը ստեղծման օրվանից չի գործում հիմնականում մասնագետների պակասի պատճառով և համապատասխան հանձնարարականներ է տվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում