Հայաստան

Դիաբետ ունեցող երեխաների համար մեկնարկեց գլյուկոզի շարունակական մոնիթորինգի ծրագիրը

5 րոպեի ընթերցում

Դիաբետ ունեցող երեխաների համար մեկնարկեց գլյուկոզի շարունակական մոնիթորինգի ծրագիրը

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելեց Մուրացան համալսարանական հիվանդանոցային համալիր, որտեղ մեկնարկել է պետական ծրագիր։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գլյուկոզի շարունակական մոնիթորինգի համակարգերի (ԳՇՄՀ) ներդրման շնորհիվ դիաբետ ունեցող երեխաներն ու դեռահասներն այլևս օրական 5–6 անգամ մատը ծակելու միջոցով չեն չափի արյան գլյուկոզի մակարդակը, ինչպես արվում էր նախկինում։  

ԳՇՄՀ համակարգերը թույլ են տալիս իրական ժամանակում վերահսկել արյան մեջ գլյուկոզի մակարդակը՝ ապահովելով օրական մինչև 1440 չափում և զգալիորեն նվազեցնելով հիպոգլիկեմիայի և հիպերգլիկեմիայի ռիսկերը։ Նորագույն համակարգերը հնարավորություն են տալիս տվյալների հեռահար դիտում ինչպես ծնողների, այնպես էլ բժիշկների կողմից, նաև ավտոմատ ազդանշանային զգուշացում սահմանային վիճակների դեպքում, ինչն ապահովում է դիաբետի շարունակական և անվտանգ վերահսկումը։ 

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ծրագրի շուրջ քննարկումները մեկնարկել էին դեռ մի քանի տարի առաջ։  

«Ծրագիրը բավականին ծախսատար է և երկար ուսումնասիրությունների ամբողջական նկարագրի առումով եղել է շատ ժամանակատար։ Աշխատել ենք բժիշկների և ծնողների հետ։ Արդյունքում վերջապես ունեցանք թե՛ սենսորների, թե՛ դրանց կրթական ու խորհրդատվական հատվածի ամբողջական ծրագիրը։ Կառավարությունն այս տարվա համար արդեն իսկ տրամադրել է ավելի քան 800 միլիոն դրամ, որպեսզի մեր երեխաների համար կարողանանք ապահովել բուժօգնության ավելի բարձրորակ պայմաններ։ Դա նշանակում է, որ մենք այսուհետ ի զորու կլինենք կանխարգելել երեխաների մոտ դիաբետի տատանումները, կկարողանանք նրանց ինսուլին տրամադրել ճիշտ ձևաչափով և դոզաներով»,- ասաց Ավանեսյանը։ 

Նախարարը հավաստիացրեց, որ երեխաների կյանքի որակն էապես փոխվելու է։ Երեխաները դպրոցում կարող են այսուհետ հանգիստ զբաղվել իրենց առօրյայով։ Ծնողները, բժիշկներն ու մանկավարժները 24 ժամ շարունակ կարող են իրականացնել համապատասխան մոնիթորինգ։  

«Այս ծրագրի արդյունքները 10-15 տարի հետո իսկապես կլինեն գնահատելի։ Դա նշանակում է, որ հետագա առողջական բարդություններն ու խնդիրները կարողանալու ենք կանխարգելել այսօր։ Մեր երեխաները պահպանելու են իրենց առողջությունը, և ապագայում թե՛ ռեպրոդուկտիվ առումով, թե՛ իրենց կյանքի բոլոր ոլորտներում կարողանալու են ազատ ինքնադրսևորվել»,- ասաց նախարարը։ 

Նա հավելեց, որ ծրագիրը բավականին մեծ է, ու թեև առաջին հերթին դրանում ներգրավվել են երեխաները, սակայն Կառավարության ուշադրության կենտրոնում են նաև մեծահասակները։   

«Այս ծրագիրը կարևոր քայլ է ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան բուժօգնության ապահովման ուղղությամբ։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ գլյուկոզի շարունակական մոնիթորինգի համակարգերն առանցքային նշանակություն ունեն դիաբետի կառավարման համար։ Սա տրավմատիկ  միջամտություն չէ, սարքն ամրացվում է երեխայի ձեռքին, կիրառվում է պարզ մեթոդ, որի մասին ծնողներն ու երեխաները կստանան պատշաճ տեղեկատվություն։ Նրանք կիմանան, թե ինչպես պետք է հեռախոսի մեջ ներբեռնեն հավելվածն ու այդտեղ դիտարկեն ցուցանիշները»,-նշեց Ավանեսյանը։  

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն իր հերթին ասաց, որ մանկական դիաբետը լրջագույն խնդիրներից մեկն է ամբողջ աշխարհում, որն իր տևողությամբ օրգանիզմին հասցնում է զգալի վնասներ, այդ թվում՝ երիկամային, վերարտադրողական, տեսողական և այլ խնդիրներ։

«Պետության կողմից նման ծրագրի իրականացումը շատ կարևոր է, որովհետև միտված է երեխաների առողջության վերականգնմանը՝ այդ գործընթացը պահելով շարունակական վերահսկողության ներքո։ Սա առողջապահական ոլորտում իրական հաղթանակ է, երբ հնարավոր է կանխել ժառանգական հիվանդություններն ու դրանց հնարավոր բարդությունները։ Երեխաներին շարունակ հսկողության ներքո պահելը թույլ կտա տասնյակ տարիներ հետո լրջագույն խնդիրներից խուսափել։ Աշխարհում նման մոնիթորինգի կիրառմամբ լուծվում են շատ հարցեր։ Այս պահից դա իրականություն է նաև Հայաստանում»,- նշեց Մուրադյանը։ 

Նա հավելեց, որ միաժամանակ հինգ անձ կարող է մուտք ունենալ կոնկրետ երեխային առնչվող ծրագրին և մշտապես, ցանկացած պահի խուսափել բոլոր տեսակի բարդություններից։ Ծրագիրը միջինացված ցուցանիշներով թույլ կտա հետագայում ավելի կոռեկտ ու սակավ վնասակար բուժում իրականացնել։   

2025 թվականի տվյալներով` Հայաստանում շուրջ 1000 երեխա ունի շաքարային դիաբետ, իսկ մեծահասակների թիվը գերազանցում է 133 600-ը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում