Մարզային

Արմեն Մուրադյանը ծանոթացել է Շիրակի բուժհաստատություններում առկա խնդիրներին

5 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը ծանոթացել է Շիրակի բուժհաստատություններում առկա խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անցած շաբաթ Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում առաջինն այցելել է Ախուրյանի Հայ օգնության միության մոր և մանկան առողջության կենտրոն։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, մեծ դիմելիություն ունեցող բժշկական այս կազմակերպությունում նախարարը ծանոթացել է ծննդօգնության, մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների ծավալներին ու որակին, մասնագիտական ներուժին, բժշկական սարքավորումներով հագեցվածությանը։ Մասնագետների նկատմամբ վստահության և տեխնիկական հագեցվածության շնորհիվ գոյացող հերթերը կանոնակարգելու նպատակով, նախարարն առաջարկել է առաջնորդվել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հերթագրման մեխանիզմով։

Արդիական սարքավորումներով հագեցած Գյումրու «Ավստրիական մոր և մանկան հիվանդանոցում» ևս այեցելուների պակաս չի զգացվում։ Այս կենտրոնը ևս ապահովված է անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով, իսկ նորածնային վերակենդանացման բաժանմունքը մարզերում լավագույններից մեկն է։ Բոլոր ծառայությունները, այդ թվում` արտահիվանդանոցային ամբուլատոր հսկողությունը, իրականացվում են միջազգային չափանիշներով, ինչն ապահովում է աշխատանքի արդյունավետությունը։

Արմեն Մուրադյանն այցելել է նաև Գյումրու նորակառույց բժշկական կենտրոն, որտեղ ակնառու հաջողություններ են արձանագրվում։ Բազմաթիվ ծառայությունների թվում այստեղ արդեն առանց ընդհատումների սրտի ստենտավորում է իրականացվում։ Կոլեկտիվի հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ քննարկվել են հիվանդանոցի հեռակա ծրագրերը, ինչպես նաև շենքի ընթացիկ պահպանման հարցերը։

Ի տարբերություն այս բուժհաստատությունների, ոչ տիպային շենքում տեղակայված Գյումրու ծննդատան սարքավորումները թարմացնելու կարիք ունեն։ Թե՛ վիրահատարաններն ու ծնարանները, թե՛ հիվանդասենյակները վերանորոգման ու արդիականացման խիստ կարիք ունեն։ Արմեն Մուրադյանը նախարարության պատասխանատուներին հանձնարարել է շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ և խորհրդակցություններ իրականացնել և ներկայացնել ծննդատան ֆինանսական առողջացման առաջարկությունների փաթեթ, ինչն արդեն իսկ ընթացք է ստացել։ Միաժամանակ, ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության ղեկավարին նախարարը հանձնարարել է ուսումնասիրել ներքին շենքային կառուցվածքի համապատասխանությունը նորմատիվներին և վերափոխելու առաջարկներ ներկայացնել։

Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ նախարարը նշել է, որ տեղյակ է ծննդատան բոլոր, այդ թվում` ֆինանսական խնդիրների մասին և աշխատանքներ պետք է տարվեն դրանք հնարավորինս մոտ ժամանակում լուծելու համար։ Այցելած բոլոր հիվանդանոցների բժիշկներին նա հորդորել է, անկախ առկա պայմաններից, բարյացակամ ու բարեհաճ գտնվել, սովորականից թեկուզ 10 րոպե ավելի երկար զբաղվել նրանց խնդիրներով։

Գյումրու ծննդատան կոլեկտիվից որպես լուծման տարբերակ, հնչել է իրենց տրամադրել ներկայիս «Սամարիթեր» հիվանդանոցի շենքը։ Արմեն Մուրադյանը հավաստիացրել է, որ պատկան մարմինների հետ խնդիրը կքննարկվի մոտ ժամանակում լուծում տալու նպատակով։ Նա նույն օրը նախարարը ծանոթացել է «Սամարիթերի» շենքային պայմաններին։

Արմեն Մուրադյանը եղել է նաև Գյումրու` ներկայումս գործող դիահերձարանում, որտեղ նման ծառայություն իրականացնելու համար ուղղակի անընդունելի պայմաններ են։ Նա ծանոթացել է Գյումրու բժշկական կենտրոնի հարևանությամբ կառուցվող նոր դիահերձարանի շինարարական աշխատանքների ընթացքին և մարզի ղեկավարության ու առողջապահության նախարարության պատասխանատուների առջև խնդիր դրել հետամուտ լինել կառուցումը ժամանակին ավարտելու, անհրաժեշտ սարքավորումներով հագեցնելու և ծառայության տեղափոխումը կազմակերպելու գործում։

Արմեն Մուրադյանին ուղեկցել են փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը և Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում