ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը «Հայակ» մրցանակաբաշխության ընթացքում ստացավ Ռուբեն Մամուլյանի անվան հատուկ մրցանակ` համաշխարհային կինոյում ունեցած մեծ ներդրման համար: Մրցանակն Ազնավուրին հանձնեցին կինոյի ոլորտում առաջին քայլերը կատարող երիտասարդները:
«Շնորհակալ եմ, որ «Հայակն» իր ներկայությամբ պատվել է մեր սիրելի Շառլ Ազնավուրը: Մենք այս տարվա երեկոն անցկացնելուց առաջ որոշեցինք սահմանել հատուկ մրցանակ` համաշխարհային կինոյում ունեցած ներդրման համար: Ժյուրին այն որոշեց կոչել Ռուբեն Մամուլյանի անունով և առաջին մրցանակը հանձնել Շառլ Ազնավուրին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց «Հայակ»-ի նախագահ Գևորգ Գևորգյանը:
Ներկաները հոտնկայս ծափահարեցին լեգենդար երգչին, իսկ նա շնորհակալություն հայտնեց բոլորին:
Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:
Այս տարի լրանում է անվանի գործչի 90-ամյա հոբելյանը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Տարբեր երաժիշտներ կշնորհավորեն լեգենդին` հոբելյանի կապակցությամբ: