Մշակույթ

Սվետլանա Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի կունենա մայսիս 15-ին, Երևանի քաղաքային պանթեոնում

5 րոպեի ընթերցում

Սվետլանա Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի կունենա մայսիս 15-ին, Երևանի քաղաքային պանթեոնում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ «Մովսես Խորենացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Սուրբ Էջմիածնի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» շքանշանակիր, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի, ճանաչված ու սիրված կատակերգակ Սվետլանա Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 14-ին, ժամը 18:00-20:00-ը, Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում (ԵրևանՆոր Նորքի 5-րդ զանգված), վերջին հրաժեշտը՝ մայիսի 15-ին՝ ժամը 12:00-14:00-ը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի շենքում, հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Սվետլանա Գրիգորյանի մահվան կապակցությամբ ձևավորվածԿառավարական հանձնաժողովից:

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Ռուբենի Գրիգորյանըվախճանվել է մայսի 12-ին,կյանքի 84-րդ տարում:

Ծնվել է 1930թ. սեպտեմբերի 30-ին, Երևանում, զինվորականի ընտանիքում: 13 տարեկանում արդեն թատերական ուսումնարանի սան էր: 1949թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը և աշխատանքի անցել նորաստեղծ օպերետային թատրոնում, որին անմնացորդ նվիրվեց մինչև իր կյանքի վերջը: Կոմեդիայի թատրոնում նա ի հայտ բերեց իր ողջ տաղանդն ու հմայքը և դարձավ հանդիսատեսի հոգու մշտական տիրակալը։ Իր անձնավորած կերպարներից շատերն ու գլխավորները դերասանուհին կերտեց մեծանուն Վարդան Աճեմյանի անմիջական աջակցությամբ, նրա ղեկավարությամբ ու խորհուրդներով։ Ս. Գրիգորյանի մուտքը երաժշտական կոմեդիայի թատրոն եղավ այնքան շռնդալից, որ վեց տասնամյակից ավելի նա տիրաբար գրավեց հայ բեմը՝ նոր գույն, նոր որակ հաղորդելով օպերետային, ապա և՝ կատակերգական ժանրերին:

Ս. Գրիգորյանն այն եզակի դերասաններից էր, ով ունեցավ 65 երկար ու ձիգ տարիների բեմական բուռն գործունեություն նույն թատրոնում, կերտեց հարյուրից ավելի դերեր՝ մշտապես արժանանալով հանդիսատեսի սիրուն ու համակրանքին, թատերագիտական մտքի հիացքին՝ Ավ. Իսահակյանի, Մ. Սարյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Փափազյանի, Գ. Գասպարյանի, Ս. Կապուտիկյանի, Կիրիլ Լավրովի, Ռոբերտ Ստուրուայի, Սերգեյ Մարտինսոնի և շատ այլ մեծությունների հիացական կարծիքներին:

Բեմական գործունեության երկար ճանապարհին հատկապես աննախադեպ է նրա դերախաղը հայ բեմի լեգենդ Կարպ Խաչվանքյանի հետ: Ճակատագրական եղավ նրանց հանդիպումը 1949թ. «Մի քաղաք կա Վոլգայի վրա» օպերետում, որ շարունակվեց ավելի քան 55 տարի: Կարպ Խաչվանքյան-Սվետլանա Գրիգորյան հրաշազույգը խաղաց տասնյակ դերեր՝ միմյանց լրացնելով ու ներկայացումները դարձնելով կատարյալ բեմական հրավառություն:

Բազմաթիվ ու բազմաբնույթ էին Ս. Գրիգորյանի դերակատարումները, որոնցում նա դրսևորեց ստեղծագործական իր անհատնում հնարավորությունները, ստեղծեց իր վառ, կենսախինդ, հանդիսատեսի սիրտն ալեկոծող, նրան հոգեկան զմայլելի պահեր պարգևող արվեստի Գրիգորյանական կերպավորման տեսակը։ Իսկ այդպիսի դերերը բազմաթիվ էին ու տարաբնույթ՝ Կոլոմբինա («Վենետիկյան երկվորյակներ»), Լիսենա («Պարերի ուսուցիչը»), Նունուֆար («Հին հիվանդություն»), Մարթա («Ատամնաբույժն արևելյան»), Ժաննա («Ռոզ Մարի»), Նատա («Սոֆիկի սխալը»), Ռոզալյա («Չանիտայի համբույրը»), Բալասան («Ծաղիկների աշխարհում»), Խանում («Խանումի արարքները»), Ժիվկա («Տիկին մինիստրուհին»), Մարիետա («Բայադերա»), Կարմեն («Սեր աստղերի տակ») և այլն: Նրա ցայտուն և առասպելական հաջողություն ունեցած կերպավորումներից են Ռոզը՝ («Տաքսի-տաքսի») և Սաթենիկը՝ («Իմ զոքանչը»)։ Վերջինս արդեն 38 տարվա բեմական կյանք ունի և խաղացվել է ավելի քան 3500 անգամ։

Նա նաև Երևանի հեռուստաթատրոնի հիմնադիրներից է և 1957-1986թթ. այդ թատրոնում խաղացել է 20-ից ավելի դերեր՝ հիմնականում գլխավոր: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել միջազգային տասնյակ մրցանակների՝ նույնպիսի ընդունելություն գտնելով արտերկրում, ինչպիսին Հայրենիքում էր։ Նա հիրավի դարձավ համայն հայության սիրելի դերասանուհին՝ արժանիորեն ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում արժանանալով «Ծիծաղի թագուհի» տիտղոսին:

Ս. Գրիգորյանի անունը և հիշատակը վառ կմնա նրա բազմահազար երկրպագուների սրտերում և հայ թատրոնի պատմության մեջ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում