Հասարակական

Վերջին տարիների արտադրության բրիտանական ֆիլմերը կցուցադրվեն քրեակատարողական հիմնարկներում

2 րոպեի ընթերցում

Վերջին տարիների արտադրության բրիտանական ֆիլմերը կցուցադրվեն քրեակատարողական հիմնարկներում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի և մարզերի հինգ քրեակատարողական հիմնարկներում ապրիլի 15-ից 29-ը ցուցադրվելու են վերջին տարիների արտադրության բրիտանական ֆիլմեր: Բրիտանական խորհուրդը ՀՀ Արդարադատության նախարարության հետ նախաձեռնել է բրիտանական ֆիլմերի ցուցադրությունների շարք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում: Նախաձեռնությունն իրականացվում է Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում:

«Բրիտանական ֆիլմերի փառատոնն այս տարի անցկացվում էր ներառական հասարակություն ձևավորելու գաղափարի ներքո: Փառատոնի շրջանակում իրականացված մրցույթների ու միջոցառումների նպատակն էր ներգրավել հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչներին: Քրեակատարողական հիմնարկներում ցուցադրությունների շարքը նույն նպատակի իրագործման շարունակությունն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Այս տարի Բրիտանական ֆիլմերի փառատոնի նպատակն էր բոլորի ուշադրությունը հրավիրել սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչների վրա:

«Կարևոր է, որ քրեակատարողական հիմնարկներում մարդիկ ընդգրկված լինեն հասարակության սոցիալ-մշակութային կյանքին, իրազեկ լինեն տեղի ունեցող գործընթացներին, հաղորդակցվեն այլ մշակութային արժեքների: Ֆիլմերի ցուցադրությունն առաջին նման փորձն էր, որ երբևէ տեղի է ունեցել քրեակատարողական հիմնարկներում, և պետք է ասել, որ այն հաջողել է: Նախաձեռնությունը լայն արձագանք է գտել ազատազրկված անձանց շրջանում»,- նշել է ՀՀ արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Հովակիմյանը:

Ֆիլմերն արդեն ցուցադրվել են «Սևան», «Արթիկ» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում, իսկ մինչև ապրիլի վերջ ցուցադրություններ կկազմակերպվեն նաև «Վարդաշեն» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկներում: Նախաձեռնությանն աջակցել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը և ՀՀ արդարադատության նախարարությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում