Մշակույթ

Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները

3 րոպեի ընթերցում

Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ամփոփիչ գալա համերգը, որի ընթացքում հայտարարվեցին մրցույթի դափնեկիրների անունները, և տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, առաջին մրցանակին առաջացավ Գերմանիան ներկայացնող թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն, երկրորդ մրցանակը շնորհվեց Բոգդան Եֆրեմովին (Ռուսաստանի Դաշնություն), իսկ երրորդ մրցանակակիրը դարձավ Արտյոմ Իոանիսյանը (Հայաստան)։

Մրցույթի շրջանակում շնորհվեցին նաև հատուկ մրցանակներ՝ դասական սոնատի լավագույն մեկնաբանության, Բախի և Պոպպերի ստեղծագործությունների լավագույն կատարման, ինչպես նաև Արամ Խաչատրյանի Սոնատ-ֆանտազիայի լավագույն մեկնաբանությունների համար։

Հատուկ մրցանակներ հանձնվեցին նաև «Լավագույն նվագակցող դաշնակահար» և «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգերում։

Այս տարի մրցույթին մասնակցել են աշխարհի 11 երկրից ժամանած 19 թավջութակահարներ, որոնք ընտրվել էին ժյուրիի կողմից։

Ժյուրիի կազմում ընդգրկված էին միջազգային երաժշտական աշխարհի ճանաչված ներկայացուցիչներ՝ Դենիս Սևերինը (Շվեյցարիա), Մարթի Ռոսին (Ֆինլանդիա), Միհե Ռիոն (Կորեայի Հանրապետություն), Ժոզեֆին Նայթը (Միացյալ Թագավորություն), Լևոն Մուրադյանը (Հայաստան/Պորտուգալիա), Գրեգորիո Նիետոն (Վենեսուելա) և Վիկտոր Ժուլիեն-Լաֆերիերը (Ֆրանսիա)։

Մրցույթի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հանդիսատեսը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և մրցույթի առաջին մրցանակակիր Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեի կատարմամբ ունկնդրեց Արամ Խաչատրյանի՝ թավջութակի համար գրված «Կոնցերտ-ռապսոդիան»՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։ Մրցույթի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։

Մրցույթն անդամակցում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային (WFIMC)։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում