Հայաստանում երաժշտության ոլորտի մակարդակը շատ բարձր է. Քշիշտոֆ Պենդերեցկի

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու հոգեբանության իսկական գիտակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին գիտի, թե ինչպես կարելի է երաժշտության միջոցով հուզել մարդկանց: Երաժշտության մեջ տարբեր հնարքներ օգտագործող, հայկական ծագում ունեցող Պենդերեցկիին հաջողվեց հուզել անգամ հայ հանդիսատեսին: «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» տոնական միջոցառումների շրջանակում «20-րդ դարի Բեթհովենը» շուրջ 6 օր Հայաստանում էր: Փառատոնային օրերի ընթացքում Հայաստանում մեծարեցին 80-ամյա կոմպոզիտորին` շնորհավորելով մաեստրոյին հոբելյանի կապակցությամբ: Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նորանշանակ պատվավոր անդամն այս տարի Հայաստանից Լեհաստան կտանի հույզերի և տպավորությունների հսկայական «զամբյուղ»: «Արմենպրես»-ի թղթակիցն անվանի արվեստագետի հետ զրուցել է նրա տպավորությունների, հայ տատիկի, Արամ Խաչատրյանի հետ հանդիպման և այլ հարցերի շուրջ:

-Մաեստրո Պենդերեցկի, նախ կցանկանայի շնորհակալություն հայտնել հարցազրույցի հրավերը չմերժելու համար: «Արմենպրես»-ի խմբագրակազմի անունից շնորհավորում եմ Ձեր 80-ամյա հոբելյանը: Երբ Դուք եկաք Հայաստան, ասացիք, որ ուրախ եք տուն վերադառնալ: Դուք Ձեզ հայ զգո՞ւմ եք:

-Ոչ, որովհետև ես հավանաբար հայ եմ ընդամենը 18 տոկոսով: Տատիկս հայ ծնողներ ուներ, բայց, ցավոք, մենք տատիկի հետ տարբեր քաղաքներում էինք ապրում: Նրա ընտանիքը հայեր էին, Սպահանից 19-րդ դարում եկել էին Լեհաստան` որոշակի խնդիրների պատճառով:

-Գիտեմ, որ Ձեր տատիկի հետ անգամ հայկական եկեղեցի եք գնացել:

-Այո, հիշում եմ, որ շատ փոքր էի, և մենք գնացինք Կրակովի հայկական եկեղեցի: Շատ տպավորիչ օր էր:

-Նա որևէ բան պատմե՞լ է Ձեզ Հայաստանի և հայերի մասին:

-Ոչ, որովհետև երբևէ Հայաստանում չի եղել, այլ Իրանում է ապրել: Նա ուրիշ կենսագրական ուներ:

-Գիտեմ, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ստեղծագործություն եք գրում: Ի՞նչ եք կարծում` ե՞րբ այն կավարտեք:

-Չգիտեմ, որովհետև մտածում եմ դրա մասին: Գիտեմ, որ հաջորդ տարի սպասվում են համերգներ, որոնց ընթացքում այն պետք է հնչի: Գործը հիմնված է լինելու սաղմոսների վրա: Ստեփան Ռոստոմյանը տվել է ինձ հայակական տեքստեր: Իհարկե, ես հայերեն չեմ հասկանում, բայց Կրակովում հայերենի մասնագետ կա, որը կօգնի ինձ: Ժամանակ դեռ կա. այժմ զբաղվում եմ մի քանի այլ ստեղծագործություններով, կարծում եմ` այս տարվա երկրորդ կեսին կսկսեմ աշխատել:

-«Քշիշտոֆ Պենդերեցկու օրեր Հայաստանում» փառատոնը մոտեցավ իր ավարտին: Ի՞նչ կարծիք ունեք այս տարվա փառատոնի մասին: Գո՞հ եք արդյոք կատարած աշխատանքից:

-Սա արդեն երրորդ փառատոնն է, որին ես մասնակցում եմ: Երրորդ անգամ եմ Հայաստանում, սակայն կարծում եմ, որ այս տարվա փառատոնը լավագույնն էր: Հանդիսատեսը շատ լավն է, կատարողական արվեստի մակարդակը` հիասքանչ: Այստեղ նվագեցին իմ ստեղծագործություններից շատերը, ելույթ ունեցան շատ կատարողներ, բայց Սոնա Հովհաննիսյանի «Հովեր» երգչախումբը լավագույնն է: Ստեղծագործություններից մեկը, որ կատարեց «Հովերը», մի անգամ հնչել էր անգլիացի երգիչների կողմից, և շատ վատ էր կատարվել: Հիշում եմ, որ դա մոտ 20-30 տարի առաջ էր: Ես այդ գործին այլևս չէի վերադարձել, և այսօր ես գտա ֆանտաստիկ կատարում: Նման ձևով այս գործը չէր կատարվել երբևէ:

-Տարիներ առաջ Դուք հանդիպեցիք կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հետ: Նրա հետ հանդիպումը ինչ-որ բան փոխե՞ց Ձեր կյանքում: Դուք հաճա՞խ եք հանդիպել մեծանուն կոմպոզիտորի հետ:

-Մենք մեկ անգամ չէ, որ հանդիպել ենք: Ես սովորություն ունեի Ռուսաստան գնալ 1960-ականներին, և հաճախ եմ նրան տեսել: Հետո նա եկավ Լեհաստան` մասնակցելու երաժշտական փառատոնի: Հասավ Կրակով, այցելեց մեզ, մեր տանը միասին ընթրեցինք: Շատ հիանալի անձնավորություն էր, ես նրան շատ էի սիրում: Շատ ազնիվ, ընկերասեր մարդ էր: Գիտեք, ես նրա երաժշտությունն էլ լավ գիտեմ, որովհետև տարիներ առաջ նվագում էի նրա Ջութակի կոնցերտը:

-Ձեր գործերը մշտապես խորը հուզական ազդեցություն են ունենում մարդկանց վրա: Ի՞նչ եք Դուք ցանկանում անել` ալեկոծելով մարդկային զգացմունքները: Ո՞րն է Ձեր նպատակը:

-Ինձ համար երաժշտությունը ուրիշ մարդկանց հետ հաղորդակցվելու միջոց է: Ես գրում եմ երաժշտություն, որը հաճախ հաղորդակցվելու վերացական ձևն է: Ես միշտ նկատում եմ, որ իմ երաժշտությունը հուզում է մարդկանց: Օրինակ` կամերային երաժշտության երեկոյի ընթացքում ես տեսա, թե ինչպես են մարդիկ արտասվում: Նշանակում է, որ երաժշտությունը կարևոր է նրանց համար: Նրանք հասկանում են երաժշտությունը, զգում են այն, ինչ կոմպոզիտորն է ցանկանում ասել: Կոմպոզիտորի համար շատ կարևոր է, երբ մարդիկ հասկանում են նրա երաժշտությունը:

-Մաեստրո, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակին արժանացած Ձեր Threnody to the Victims of Hirosima ստեղծագործությունը հենց այդպիսին է` ստիպում է մարդկանց հուզվել: Հետաքրքիր է` ի՞նչ էիք զգում այս գլուխգործոցը ստեղծելիս:

-1950-ականներին էի այն պատրաստել. այդ ժամանակ էլեկտրոնային ստուդիայում էի աշխատում: Այդ տարիներն ինձ համար շատ կարևոր էին, քանի որ էլեկտրոնային երաժշտության շնորհիվ ես բացահայտեցի երաժշտական այլ ժանրեր: Ստուդիան փոխեց իմ երաժշտությունը: Այդ ժամանակ ես «Հիրոսիման» գրեցի: Սկզբում մի վերացական հատված ստեղծվեց, և երբ այն կատարվեց, հասկացա, որ այն փոքրիկ հատվածից ավելին է: Հետո, ավարտելով գործը` այն ձոնեցի Հիրոսիմայի զոհերի հիշատակին:

-Դուք մի շարք ստեղծագործություններ ունեք կրոնական թեմայով: Ի՞նչ է Ձեզ համար կրոնը:

-Կրոնը շատ կարևոր էր, երբ ես երեխա էի, ես գնում է եկեղեցի, ունեի շատ կրոնապաշտ ընտանիք: Այնուհետև, պատերազմից հետո, կրոնը դարձավ ավելի կարևոր` այն աջակցում էր մարդկանց: Ժամանակները փոխվել են: Այսօր եկեղեցի այդքան էլ շատ չեն գնում, ինչպես նախկինում: Այն փոքր-ինչ ավելի վերացական է դարձել: Ես մինչև հիմա հավատում եմ, բայց այնպես չէ, ինչպես հավատում էի երիտասարդ հասակում:

-Մաեստրո, Ձեր մասին բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել: Ինչո՞վ է յուրահատուկ «Լաբիրինթոսի արահետներով» կինոնկարը, որը ցուցադրվեց Հայաստանում:

-Ֆիլմը նկարահանել է գերմանական հեռուստաընկերությունը` 80-ամյակիս կապակցությամբ: Նկարահանել սկսել են երկու տարի առաջ: Հատկապես շատ կադրեր կան արված իմ պարտեզում: Հավանաբար գիտեք, որ ես մեծ պարտեզ ունեմ, ծառերի մեծ հավաքածու, որը, կարծում եմ, ամենամեծն է ամբողջ Արևելյան Եվրոպայի տարածքում: Շատ հետաքրքիր ֆիլմ է:

-Տեղյակ եմ, որ հայկական կողմը ևս ֆիլմ է նկարահանում Ձեր մասին:

-Այո, այժմ հարցազրույցներ եմ տալիս, նկարահանում են ինձ, համերգներն են նկարում, բայց չգիտեմ` ի՞նչ է լինելու

-Հայաստան կրկին կվերադառնա՞ք:

-Այո, կարծում եմ` հենց հաջորդ տարի: Հայաստանը շատ երաժշտական երկիր է : Այստեղ երաժշտության ոլորտի մակարդակն ավելի բարձր է, քան շատ երկրներում: Կարծում եմ, որ հաճույքով կվերադառնամ:

Լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933 թվականին: Հայտնի է, որ նրա նախնիները եղել են լեհեր, ուկրաինացիներ, գերմանացիներ և հայեր: Հայաստան այցի ժամանակ նա հայտարարել է, որ երջանիկ է վերադառնալ տուն:Քշիշտոֆ Պենդերեցկին երեք անգամ արժանացել է «Գրեմի» մրցանակի: Բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր է: Պատվավոր դոկտորի և պրոֆեսորի կոչումներ է ստացել բազմաթիվ հաստատություններից: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2013-ի նոյեմբերին Քշիշտոֆ Պենդերեցկին հոբելյանի կապակցությամբ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Պարգևը մեծանուն կոմպոզիտորին է հանձնել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:«Պենդերեցկու օրերը Հայաստանում» միջոցառումների շարքը մեր երկրում անցկացվեց հունվարի 13-ից 17-ը: Փառատոնային բոլոր օրերը լի էին տոնական միջոցառումներով, որոնց ընթացքում հնչեցին Պենդերեցկու յուրօրինակ գործերը:

Հարցազրույցը` Ռոզա Գրիգորյանի

Լուսանկարները` Արթուր Հարությունյանի

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում