4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հունվարի 1-ից չեն ստանա հին նմուշի անձնագրեր: Դեկտեմբերի 19-ին հրավիրված ասուլիսում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանը հայտնեց, որ Գործող անձնագրերը ժամկետը լրանալուց հետո փոխարինվելու են երկու փաստաթղթերով` նույնականացման քարտով, որն ամբողջությամբ կիրառելի կլինի ՀՀ-ում և կփոխարինի գործող անձնագրին` ՀՀ-ում ցանկացած ծառայությունից օգտվելու ժամանակ, եւ ճամփորդական փաստաթղթով` կենսաչափական ձևի անձնագրով: «Օրենքով դրանք կտրվեն 15 աշխատանքային օրում, եթե քաղաքացիներն ուզում են ավելի շուտ ստանալ, ապա պետք է վճարեն լրացուցիչ. մեկ աշխատանքային օրում ստանալու համար՝ 20 հազար, 3 օրում` 10 հազար: Նոր անձնագրերն առանձնապես չեն տարբերվում հնից, պարզապես ձևավորումն է փոքր-ինչ տարբեր, վրան կա ուղղանկյուն լոգոտիպը, որ նշանակում է՝ այն նոր նմուշի է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` տեղեկացրեց Մուրադխանյանը` հավելելով, որ արդեն 91 հազարից ավելի քաղաքացիներ ստացել են նույնականացման քարտ, իսկ 4500-ից ավելի քաղաքացիներ՝ կենսաչափական անձնագրեր:
Աղքատության նպաստ ստացողներին, ինչպես նաև 16 տարին լրացած և առաջին անգամ նույնականացման քարտ ստացողներին այդ քարտերը տրվում են անվճար: «Հին նմուշի բոլոր անձնագրերը մինչև ժամկետի ավարտն ուժի մեջ են, այդ քաղաքացիները պարտավոր չեն, սակայն ըստ ցանկության, կարող են և ստանալ նոր անձնագրերը: Երեխաները կարող են միշտ ստանալ նախկին նմուշի անձնագրեր, քանի որ դա տրվում է երեք տարով, սակայն այստեղ ևս, ըստ ծնողի ցանկության, կարող է ստանալ նաև նորը: Եթե նախկինում անձնագրերը տրվում էին հինգ, ապա այս հունվարից արդեն՝ տասը տարով, դրանց էջերի քանակն ավելի շատ է՝ 40 էջ՝ նախկին 32-ի փոխարեն»,- պարզաբանեց Մուրադխանյանը:
Նրա խոսքով` նույնականացման քարտն իր մեջ պարունակում է էլեկտրոնային ստորագրություն, որի շնորհիվ քաղաքացին կարող է տնից կատարել գործարքներ: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նույնքան են վճարելու ելքի վիզայի համար, վարչության պետը նշեց, որ կենսաչափական անձնագրում նման հասկացություն գոյություն չունի և եթե քաղաքացին նախկինում վճարում էր լուսանկարի, ելքի վիզայի համար, ապա այլևս դրա կարիքը չկա. արդեն քաղաքացին հենց տեղում անվճար լուսանկարվում է:
Նոր անձնագրում առկա են քաղաքացու բոլոր տվյալները, էլեկտրոնային ստորագրությունը, կա նաև զետեղված էլեկտրոնային չիպ՝ կրիչ, որում նույնպես քաղաքացների տվյալներն են ամփոփված:
Եթե քաղաքացին չի ցանկանում, որ հանրային ծառայության համարանիշը լինի իր անձնագրում, ապա այն չի լինի: Մուրադխանյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը ներկրել է մեծ քանակությամբ կարդացող սարքեր, ուստի այս առումով ևս խնդիրներ չեն լինի:
Հունվարի մեկից հետո ժամկետը լրացած անձնագրերի ժամկետի երկարացում չի նախատեսվում: Մուրադխանյանի գնահատմամբ` անձնագրային այս փոփոխությունները միտված են աշխարհում ահաբեկչության դեմ պայքարին, և նոր նմուշի անձնագրի դեպքում դրանք կեղծելը դժվար է:
Նույնականացման քարտերի համար նախատեսված է 3 հազար դրամի պետական տուրքի վճարման պարտականություն, իսկ ճամփորդական անձնագրերը կարժենան 25 հազար դրամ ու վավերական կլինեն 10 տարի: