Քաղաքականություն

Եռագլուխ մաֆիան ոչինչ չի կարող անել, որովհետև չունի ժողովրդի աջակցությունը. Փաշինյան

4 րոպեի ընթերցում

Եռագլուխ մաֆիան ոչինչ չի կարող անել, որովհետև չունի ժողովրդի աջակցությունը. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընդդիմադիր երեք քաղաքական ուժերի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի, «Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդներ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը Հայաստանում ոչինչ չեն կարողանալու անել, որովհետև չեն ունեցել, չունեն և չեն ունենա ժողովրդի աջակցությունը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։ 

«Եռագլուխ մաֆիան ոչինչ, բացարձակապես ոչինչ չի կարող անել՝ մի պարզ պատճառով. նա չունի, չի ունենալու և չի ունեցել ժողովրդի աջակցությունը։ Ընդհակառակը՝ ժողովուրդը հստակ պահանջում է ծնկի բերել, կործանել եռագլուխ մաֆիային, և դա անխուսափելիորեն պետք է տեղի ունենա։ Եվ, ի դեպ, այս խմբակից չենք մոռացել և չենք մոռանալու կալուգացու (խմբ. նկատի ունի «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին) հիմնական մարիոնետավարին՝ Սերժին (խմբ. նկատի ունի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին)։ Այնպես որ, ափալ-թափալ մի հավաքեք ձեր ճամպրուկները, ես դեռ քարոզարշավի ժամանակ եմ ասել՝ դուք երազելու եք Հայաստանից փախչելու հնարավորության մասին ու չեք ունենալու այդ հնարավորությունը»,- ասել է Փաշինյանը։ 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ին ամփոփել է Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։ Ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցել 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, որը կունենա 29 մանդատ և «Հայաստան» դաշինքը, որը կունենա 12 մանդատ։ 

Արդյունքների վերջնական ամփոփումից հետո ընտրություններին մասնակցած 6 քաղաքական ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն են տարածել՝ նշելով, թե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ, ուստի դրանց արդյունքները չեն կարող արտացոլել հանրության իրական կամարտահայտությունն ու ցանկությունները։ Նրանք շեշտել են, որ օրինական բոլոր միջոցներով շարունակելու են պայքարը՝ հավելելով, որ հետագա հնարավոր էսկալացիայի ամբողջ պատասխանատվությունը կրելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինիանն արձագանքել է նաև ընդդիմադիր ուժերի այդ հայտարարությանը. 

«Ոմանց տրամաբանությամբ Հայաստանի Հանրապետությունը պետք է ներողություն խնդրի ընտրակաշառք բաժանողներից, որ նրանց բաժանած ընտրակաշառքը ճշգրիտ չի արտահայտվել ընտրությունների արդյունքների վրա, հետևաբար, նրանց երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ շանսը տալ։ Սա անհեթեթ տրամաբանություն է, ընտրակաշառք բաժանած ուժերին այլևս որևէ շանս չի տրվելու, որևէ շանս չի տրվելու, և սա որոշվել է ժողովրդի քվեարկությամբ»։ 

Հիշեցնենք, որ քարոզարշավի ամբողջ հնթացքում Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար հայտնում էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի, «Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքեր բացահայտելու մասին՝ ներկայացնելով նաև դրա մասին վկայող ձայնագրություններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում