Քաղաքականություն

Հայաստանի վարչապետը Վլադիմիր Պուտինի այցը երկկողմ կապերի ամրապնդման բացառիկ հնարավորություն է համարում

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետը Վլադիմիր Պուտինի այցը երկկողմ կապերի ամրապնդման բացառիկ հնարավորություն է համարում

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը եւ բխում է երկու ժողովուրդների շահերից: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մենք շատ ուրախ ենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը ոչ միայն Երեւան է այցելելու, այլեւ Գյումրի: Բարձրաստիճան պաշտոնյաների այցերը նպաստում են հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը, երկկողմ կապերի ամրապնդմանը: Այս այցը եւս այդպիսին կլինի, եւ սա բխում է մեր ժողովրդի շահերից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Սարգսյանը:

Անդրադառնալով կազմակերպվելիք հայ-ռուսական տնտեսական ֆորումին` ՀՀ վարչապետը նշեց, որ դրան մասնակցելու են նաեւ ՌԴ տարբեր մարզերի ղեկավարներ եւ այս տարի եւս անցկացվելու է միջտարածաշրջանային ֆորում: Այսպիսով, ՌԴ մարզերը հնարավորություն կունենան ավելի լավ ծանթանալ Հայաստանի մարզերի կարողություններին եւ այդ հիմքի վրա մշակել համատեղ ներդրումային ծրագրեր, ավելացնել առեւտրաշրջանառությունը, հիմնել տարբեր ձեռնարկություններ: «Այնպես որ, սա բացառիկ հնարավորություն է, որ հայկական բիզնեսն իր կարողությունները ներկայացնի ռուս գործընկերներին, ներկայացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը»,-ասաց ՀՀ կառավարության ղեկավարը:

Գյումրին փակ քաղաք դարձնելու մամուլում տարածված խոսակցություններին Տիգրան Սարգսյանն արձագանքեց հետեւյալ կերպ. «Գյումրին մշտապես եղել է աշխարհի ամենաբաց քաղաքը, այդպիսին էլ կմնա: Գյումրին փակ քաղաք դարձնելու ծրագրեր չկան»:

Ռուսաստանի Դաշնության նախագահի այցն ակնկալվում է դեկտեմբերի սկզբին: Նախատեսվում է, որ Վլադիմիր Պուտինը Գյումրիում կմասնակցի հայ-ռուսական տնտեսական ֆորումին:

Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ընդհանուր ցուցանիշով գերազանցում է Ավստրալիային և մոտ է Արգենտինայի տվյալներին: Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության տվյալներով՝ ՌԴ ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը հունվար-սեպտեմբերին կազմել է ավելի քան 617.2 միլիարդ դոլար:Հունվար-սեպտեմբերին Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառության ընդհանուր ցուցանիշը (908.1 միլիոն դոլար) գերազանցել է Պորտուգալիայի (830.8 միլիոն դոլար), Ավստրալիայի (632 միլիոն դոլար), Չիլիի (558.9 միլիոն), Տաջիկստանի (552.6 միլիոն), Վրաստանի (427.2 մլն), Պերուի (347.3 մլն), Նոր Զելանդիայի (341.9 մլն) և այլ երկրների նմանատիպ տվյալները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում